Սպասված և ջերմ հանդիպում՝ «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի ստեղծագործական խմբի հետ

Դիտումների քանակ՝ 3466

ՀՊՏՀ մեծ դահլիճում երեկ կայացավ ջերմ և գեղեցիկ հանդիպում Հանրային հեռուստաընկերության «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի դերասանական և ստեղծագործական խմբի հետ: Դահլիճը լեփ-լեցուն էր, սիրելի դերասանների հետ հանդիպելու էին եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի քանի հարյուր ուսանողներ, դասախոսներ և աշխատակիցներ:

Հյուրերի մուտքը դահլիճ ուղեկցվում էր անդադար ծափահարություններով. ՀՊՏՀ-ականները երկար էին սպասել հեռուստասերիալի գլխավոր դերակատար Խորեն Լևոնյանի, ողջ դերասանական կազմի, ինչպես նաև սցենարիստ Անահիտ Աղասարյանի հետ այս հանդիպմանը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ հանդիպումը կազմակերպվել է բազմաթիվ ուսանողների խնդրանքով, և ինքն ուրախ է, որ այսօրվա երիտասարդությունը ընկալում և կարևորում է իրական արժեքները:

Միջոցառումը բացվեց հյուրերին ուղղված երկու հետևյալ հարցերով՝ ովքե՞ր են եղել ձեր ուսուցիչները, որո՞նք են ձեր կերպարին ամենաբնորոշ հատկանիշները, ապա շարունակվեց բազում հարցերով: Դահլիճին հետաքրքիր էր ամեն ինչ՝ ինչպե՞ս են դերասաններն ընդունել նկարահանվելու հրավերը, ի՞նչ հիմնական ուղերձներ ունի հեռուստասերիալը, արդյո՞ք սցենարիստը պատկերացնում էր, որ նախագիծը այսպես կհաջողվի և այլն: Անահիտ Աղասարյանը նշված վերջին հարցին ի պատասխան ասաց՝ և՛ հավատում էր նախագծի հաջողությանը, և՛ միաժամանակ երկմտում: «Բայց քանի որ կյանքում կան բացարձակ ճշմարտություններ, ավելի շատ հակված էի մտածել, որ հաջողություն կունենա»,- ասաց նա՝ հավելելով՝ թեման այնքան կարևոր է, որ շատերին պետք է հուզեր: Սցենարիստն ընդգծեց՝ կյանքում կարևոր է ոչ թե տեղեկացված լինելը, այլ այնպիսի գիտելիք կուտակելը, որը մեզ կհարստացնի ներսից, ուստի հորդորեց՝ կուտակել հե՛նց այդպիսի գիտելիք: Խորեն Լևոնյանը կարևորեց Հանրայինի այս նախաձեռնությունը՝ նշելով, որ նման նախագծերը օգնում են ճանաչել մեզ, մեր պատմությունը, մեր արմատները, ինչը շատ կարևոր է: Նրա խոսքը շարունակեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մարտինա Սարդարյանը՝ նշելով, որ Հանրայինը կրթադաստիարակչական բազում նախագծեր ունի՝ բոլոր տարիքի մարդկանց համար:

Հյուրերը անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում պատասխանեցին բոլոր հարցերին, իսկ իրենց ամենուրեք դիմավորող լեփ-լեցուն դահլիճները համարեցին նախագծի հաջողության առհավատչյա:

Հանդիպումն ավարտվեց անակնկալով. լավագույն հարցի հեղինակը` մարքեթինգ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Ծատուրովան ստացավ Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակը՝ հյուրերի ինքնագրերով:

ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ նշելով, որ այն անցավ ջերմ ու լուսավոր մթնոլորտում:

Նշենք, որ «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալը նկարահանվել է Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակի հիման վրա, ռեժիսորն է Հայկ Կբեյանը, սցենարիստը՝ Անահիտ Աղասարյանը, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին