ՀՊՏՀ-ն գրկաբաց ընդունեց նորեկներին և բոլոր ուսանողներին

01.09.2023
Դիտումների քանակ՝ 1282

Գիտելիքի և դպրության օրվա տոնական խորհրդին ու տրամադրությանը համահունչ՝ այսօր Տնտեսագիտական մայր բուհում ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Այն նշանավորվեց ՀՊՏՀ ուսանողական կազմի համալրմամբ՝ ևս մեկ անգամ հավաստելով մեր բուհում կրթական բարձր որակի, արդիական մասնագիտությունների և համալսարանի բարի համբավի մասին․ 2023-2024 ուստարում ՀՊՏՀ և Գյումրու մասնաճյուղ է ընդունվել 1307 դիմորդ, ընդունելության բացարձակ թվով և ընդունվողների տեսակարար կշռով այն կրկին հանրապետության 2-րդ համալսարանն է։ Փաստեր, որոնք որքան ուրախալի, նույնքան էլ պարտավորեցնող են։ Եվ այդ գիտակցումով էլ համալսարանն այսօր ջերմորեն ու գրկաբաց ընդունեց իր նորեկներին և բոլոր ուսանողներին՝ ուսումնական տարին նոր լիցքերով ու տրամադրվածությամբ սկսելու ուղերձ հղելով, կրթության ու գիտելիքի հարգը հասկանալ և արժևորել պատգամելով։

Ավանդույթի համաձայն՝ առաջին կուրսեցիներին բուհի դարպասի մոտ դիմավորեցին ՀՊՏՀ ուսանողական խորհրդի անդամները և ուղեկցեցին բակ, որտեղ նրանց դիմավորեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, պրոռեկտորները, դեկանները, դասախոսները։

Գիտելիքի և դպրության օրվա և նոր՝ 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ողջունելով գործընկերներին և ուսանողներին՝ ռեկտորն իր հատկանշական խոսքն ուղղեց առաջին կուրսեցիներին, մաղթեց նրանց ուսումնառության հագեցած տարիներ, աշխատասիրություն, վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ «Դուք մուտք եք գործել մի ընտանիք, որտեղ, հավաստիացնում եմ, ձեզ կօգնեն ստանալ գիտելիք, հմտություններ և կարողություններ, իսկ դուք ձեր հերթին պետք է դրսևորեք անձնական բարձր պատասխանատվություն և ձգտում, որպեսզի դառնաք մեր երկրի ինքնավստահ քաղաքացիներ»,- ասաց Դիանա Գալոյանը՝ ուսանողներին և աշխատակիցներին հորդորելով տոնական օրվա ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ շարունակել ուսումնական տարին, համագործակցել, մեկտեղել ջանքերն ու նպատակները՝ կերտելու համար անձնական ու հավաքական հաջողություններ։

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Արև Մանուկյանը նույնպես շնորհավորեց և բարեմաղթեց, որ առաջին օրը ՀՊՏՀ նորեկների համար դառնա հիշարժան, և հետագա ուսումնառությունը հարստանա բովանդակությամբ և ամոռանալի ակնթարթներով։

Տոնականությունը, երաժշտության ուրախ հնչյունները, ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից կազմակերպված խաղ-վիկտորինան առաջին կուրսեցիների համար առավել մտերմիկ ու կենդանի շփում ապահովեցին։ Վիկտորինայի հարցերին ճիշտ պատասխանող մասնակիցները պարգևատրվեցին ՀՊՏՀ տարբերանշանով նվերներով։

Բակում ուսանողներին և աշխատակիցներին ողջունելուց հետո ռեկտոր Դիանա Գալոյանն այցելեց և շնորհավորեց ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի և ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին և սովորողներին։

Տոնական միջոցառման լուսանկարային շարքը տե΄ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։