ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը՝ երկու խոշոր մարզական միջոցառման հաղթող
Հայ-ռուսական համալսարանի կողմից ապրիլի 19-ին կազմակերպված «Ունիվերսիադիա–2024» միջբուհական մարզամշակութային միջոցառմանը ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը գրավել է առաջին հորիզոնականը։ Ապրիլի 27-ին և 28-ին մեր հավաքականը չեմպիոն է դարձել նաև Հայաստանի ուսանողական մարզական 25-րդ խաղերում։
Այսօր՝ մայիսի 6-ին, հաղթանակած թիմին, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանի և մարզիչ Մեսրոպ Ղուկասյանի ուղեկցությամբ, ընդունեց ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը։ Բուհի ղեկավարը շնորհակալություն հայտնեց թիմի անդամներին՝ ընդգծելով ոչ միայն մասնակցության, այլև հենց հաղթանակի կարևորությունը, հավաստիացնելով, որ բուհը ուսանողների կողքին է ցանկացած պարագայում, սակայն հաղթանակի միտված աշխատանքը կարևոր է ամեն ինչում՝ լինի սովորելը, սպորտով, թե որևէ այլ գործով զբաղվելը։
«Շնորհակալ եմ ձեզ, որ դուք հենց այդպիսին եք, որ լիարժեք ներդրել եք ձեր ջանքերը և որ միտված եք աշխատանքի։ Հիշե΄ք, որ ձեր հաղթանակով ոգևորում եք այլ մարդկանց, դառնում առաջնորդող և այս սպորտաձևի նկատմամբ վերաբերմունք ձևավորող։ Հաղթանակն էլ, պարտությունն էլ գին ունեն, սակայն պետք է յուրաքանչյուր պարտություն վերլուծել և հետագա աշխատանքն ուղղել միմիայն հաղթանակին և հաջողությանը»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ամբիոնի ղեկավարին և դասախոսական կազմին՝ ոգևորված, հետևողական և նվիրված աշխատանքի համար։
Հովհաննես Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության և բուհի ղեկավարության շարունակական աջակցության համար, որի շնորհիվ ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը կմասնակցի հուլիսին Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում կայանալիք Եվրոպական համալսարանական խաղերին։
«Մեր աշխատանքի արդյունքին նպաստում է բուհի միջավայրը, ղեկավարության աջակցությունը, ինչը շատ կարևոր է և ինչի շնորհիվ, 2014 թվականից սկսած, մեր համալսարանի մարզիկները տարբեր մարզական առաջնություններում հաղթանակներ և բարձր արդյունքներ են գրանցում»,- ասաց Հովհաննես Գաբրիելյանը։
Մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։