ՀՊՏՀ երիտասարդ գիտնականները ԵԳԱԾ մրցույթի հաղթողների շարքում են
ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ավագ դասախոս, տ․գ․թ․ Ալբերտ Հայրապետյանը և նույն ամբիոնի դասախոս Համլետ Մկրտչյանը մասնակցել են 2023 թ․ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթին»՝ դառնալով հաղթողներ։
Ալբերտ Հայրապետյանը «Հայաստանի ֆինանսական անվտանգության ապահովման արդյունավետությունը. նոր մոտեցումներ» (The efficiency of ensuring the financial security of Armenia։ new approaches) հոդվածը համահեղինակել է գործընկերների՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Գայանե Սալնազարյանի, նույն մասնաճյուղի դասախոս, տ․գ․թ․ Լիլիթ Ավետիսյանի և մեր բուհի ասպիրանտ Մարինե Ավետիսյանի հետ։ Հոդվածում հեղինակները վերլուծել են Հայաստանի ֆինանսական համակարգի անվտանգության վրա ազդող գործոնները՝ գնահատելով ֆինանսական անվտանգության ապահովման ներկայիս արդյունավետությունը: Այդ նպատակով հեղինակներն առաջ են քաշել հետևյալ հարցերը․ ինչպե՞ս է գնահատվում երկրների ֆինանսական անվտանգությունը, ի՞նչ գործոններ են ապահովում Հայաստանում ֆինանսական անվտանգությունը, արդյո՞ք ֆինանսական ապահովության ներկայիս համակարգը Հայաստանում արդյունավետ է։ Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ հոդվածում ուսումնասիրված առանձին գործոնների փոփոխությունն էականորեն է ազդում երկրի տնտեսության, մասնավորապես՝ ֆինանսական համակարգի ցուցանիշների, ինչպես նաև սոցիալական, քաղաքական և հասարակական կյանքի վրա։ Հոդվածը հասանելի է հետևյալ հղմամբ։
Համլետ Մկրտչյանի համահեղինակած «Հանքարդյունաբերությունը Հայաստանում. հարկային ռեժիմի փոփոխությունները և սպասված ազդեցությունը հարկային եկամուտների վրա՝ կարճաժամկետ հեռանկարում» (The Mining and Quarrying Industry in Armenia: Transformations in Fiscal Regulations and Anticipated Effects on Short-Term Tax Revenues) հոդվածում հեղինակները (տ․գ․դ․, պրոֆեսոր Սերգեյ Դոխոլյան, տ․գ․թ․ Աննա Մակարյան և տ․գ․թ․, ՄՏՀ ամբիոնի ավագ դասախոս Ալբերտ Հայրապետյան) եռամսյակային տվյալների հիման վրա գնահատել են կարճաժամկետում պղնձի և այլ մետաղական խտանյութերի իրական արտահանման ազդեցությունը Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում ընդգրկված հանքարդյունաբերական ընկերությունների վճարած հարկերի իրական ծավալի վրա։ Հեղինակները եզրահանգել են, որ հարկային օրենսդրության փոփոխությունները բացասաբար են ազդել հանքարդյունաբերական ընկերությունների վրա, ինչն էլ իր հերթին կարող է անդրադառնալ Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչության վրա։ Հոդվածը, որը տպագրվել է «Սկոպուս միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի» (Scopus, Q2) կողմից ինդեքսավորված բարձր ազդեցության գործակից ունեցող Eurasian Mining ամսագրում, հասանելի է հետևյալ հղմամբ։