ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ և Ֆլորիդայի համալսարանի հետ համատեղ ՀՊՏՀ-ում կհիմնվի նոր բիզնես ինկուբատոր
ԱՄՆ Ֆլորիդայի պետական համալսարանի հետ համատեղ ՀՊՏՀ-ում կիրականացվեն ձեռնարկատիրական կրթությունը խթանող երկարաժամկետ ծրագրեր: Այս նախագիծը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից, նպատակ ունի ՀՊՏՀ-ում զարգացնելու ձեռնարկատիրական կրթությունը, ինչպես նաև՝ ՀՊՏՀ-ականների ձեռնարկատիրական ներուժը՝ դասախոսների վերապատրաստման, նոր դասընթացների մշակման միջոցով:
Եռամյա համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև սոցիալական ձեռներեցության ինկուբատորի հիմնում, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան կիրառելու իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կյանքի կոչելու բիզնես գաղափարները:
Գործընկերների աջակցությամբ ՀՊՏՀ-ում կներդրվեն սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ 4 կարճաժամկետ դասընթացներ՝ այս ոլորտում Ֆլորիդայի համալսարանի երկարամյա փորձը տեղայնացնելով մեր համալսարանում։
Նախագծի միջոցով ՀՊՏՀ-ն ավելի կխորացնի իր համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ նպաստելով հայ երիտասարդների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռնարկատիրական կրթության վերաբերյալ ՀՊՏՀ շուրջ 30 դասախոսների վերապատրաստում։ Նրանք հետագայում հնարավորություն կունենան ներգրավվելու ինչպես համատեղ մշակվող դասընթացների դասավանդման, այնպես էլ` բիզնես ինկուբատորի աշխատանքներում։
Նախագծով հետաքրքրված դասախոսներին խնդրում ենք մինչև ս․թ․ սեպտեմբերի 24-ը գրանցվել՝ լրացնելով սույն հարցաթերթը։
Մանրամասների համար կարող եք դիմել ՀՊՏՀ շարունակական կրթության բաժին։