Հանդիպում HEN-GEAR ծրագրի շրջանակում
2015 թվականի հունվարի 20-ին, ժամը 10.00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական hամալսարանի նիստերի սրահում տեղի կունենա Tempus ծրագրի «Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» (HEN-GEAR) ծրագրի հերթական հանդիպումը՝ նվիրված ծրագրի արդյունքների տարածմանը և հետագա գործողությունների քննարկմանը։
Հանդիպումը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում ծրագրի գործընկերների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի կունենա HEN-GEAR պլատֆորմի շնորհանդեսը, որը յուրօրինակ կամուրջ կհանդիսանա համալսարանների և գործարար աշխարհի միջև։ Ծրագրի արտասահմանցի գործընկերները կներկայացնեն բարձրագույն կրթության ցանցի միջոցով շրջանավարտների զբաղվածության ապահովման հնարավորությունները։
Հանդիպման երկրորդ մասում ծրագրի կառավարման խորհուրդը կքննարկի ծրագրի իրականացման ընթացիկ և ապագա կայունության հարցերը, առաջիկա անելիքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Համառոտ ակնարկ ծրագրի վերաբերյալ
Ներկայումս Հայաստանում TEMPUS-ի շրջանակներում իրականացվում է «Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» (HEN-GEAR) ծրագիրը: Ծրագիրը մեկնարկել է 2012-ի հոկտեմբերին և ավարտվելու է 2015-ի հոկտեմբերին:
Ծրագրի նպատակն է Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկն ու պահանջարկը հավասարակշռող համալիր մոդել, որը հիմնված կլինի շրջանավարտներին վերաբերվող տեղեկատվական բազայի ստեղծման վրա: Հիմնադրվող մոդելը կրկնօրինակելու է Բոլոնիայի Ալմա-Լաուրեա միջհամալսարանական կոնսորցիումի կողմից ստեղծված և Իտալիայում ու այլ երկրներում արդյունավետ գործող նմանատիպ մոդելը: Ծրագրով սահմանված նպատակին հասնելու համար պետք է լուծվեն հետևյալ խնդիրները.
- համալսարանների շրջանավարտների հայաստանյան տեղեկատվական բազայի ստեղծում,
- գործընկեր համալսարանների կողմից հայաստանյան համալսարանների շրջանավարտների հետազոտության անցկացում,
- հայաստանյան համալսարանների շրջանավարտների ԲՈՒՀ-ն ավարտելուց մեկ տարի հետո նրանց աշխատանքային պայմանների հետազոտություն,
- հայաստանյան շրջանավարտների աշխատանքի տեղավորման որակյալ համակարգի հիմնում:
Ծրագրի գործընկեր հայաստանյան համալսարանների 2013-2014 թվականների շրջանավարտներն արդեն իսկ գրանցվել են HEN-GEAR տվյալների բազայում,որը կնպաստի շրջանավարտների ծառայողունակության բարձրացմանը և աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը:
Ներկայումս տեղի է ունենում գործատուների գրանցում կայքում, վերջիններիս հնարավորություն կընձեռվի, օգտվելով CV-ների ընդլայնված որոնման համակարգից՝ կայքում փնտրել և գտնել անհրաժեշտ մասնագիտական որակներով օժտված մասնագետների։
Նախագծում ներգրավված են հետևյալ գործընկեր համալսարաններն ու կազմակերպությունները.
- Երևանի պետական համալսարան
- Հայաստանի պետական տնտեսագիտության համալսարան
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (Ծրագրի հայաստանյան համակարգող)
- Հայաստանի պետական ճարտարագիտության համալսարան
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան
- Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա
- Գավառի պետական համալսարան
- Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական պետական ինստիտուտ
- ՀՀ կրթության և գիտության նախարարություն
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- Հայաստանի գործատուների հանրապետական միություն,
- Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
- Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիա,
- Ալմա-Լաուրեա միջհամալսարանական կոնսորցիում, Բոլոնիա, Իտալիա (Ծրագրի համակարգող)
- ՄԻՆՅՈ-ի համալսարան (Բրագա, Պորտուգալիա)
- Ուելվայի Համալսարան (քաղաք Ուելվա, Անդալուսիայի նահանգ, Հարավային Իսպանիա)
- Լաս Պալմաս դե Գրան Կանարիայի համալսարան (Գրան Կանարիա կղզի, Իսպանիա)