Արձագանք հրապարակմանը

18.01.2014
Դիտումների քանակ՝ 372

«Aravot.am» լրատվական կայքում այսօր լրագրող Գոհար Հակոբյանի հեղինակությամբ «Ռեկտորն աշխատանքի է  տեղավորել իր հարազատներին ու խնամիներին» վերնագրով նյութ է հրապարակվել, որն ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:

Եվ այսպես, լրագրողը հիշատակել է Կորյուն Աթոյանի աներձագին՝Ազատ Քալանթարյանին, նրա որդու երկու աներձագներին՝ Սուրեն և Կարեն Բաբաջանյաններին, բուհի գրադարանում աշխատող ռեկտորի քրոջը՝ կամ անազնվորեն և միտումնավոր, կամ միգուցե իր կողմից գրվելիքին լիարժեք տեղյակ չլինելու պատճառով շրջանցելով, որ նշված անձինք՝ բացառությամբ նրա քրոջ, բուհում աշխատել են մինչև Կորյուն Աթոյանի ՀՊՏՀ ռեկտոր դառնալը: Սուրեն և Կարեն Բաբաջանյաններն ավարտել են այս բուհը, պաշտպանել թեկնածուական ատենախոսություններ, ստացել գիտական կոչումներ և աշխատանքի անցել բուհում, երբ Կորյուն Աթոյանը բուհի ռեկտոր չի եղել: Ազատ Քալանթարյանը ևս երկար տարիներ աշխատել է Տնտեսագիտական համալսարանում, մի շրջան դուրս է եկել բուհից, ապա վերադարձել, բայց նա բուհի տասնամյակների աշխատող է, գլխավորել է բուհի հետազոտական լաբորատորիան: Մեկ այլ տեղեկություն ամբողջությամբ ապատեղեկատվություն է. նախ սխալ է բուհի գլխավոր հաշվապահի ազգանունը՝ ոչ թե Պետրոսյան, այլ Մարգարյան, հետո՝ բացարձակ ապատեղակատվություն է նրա՝ ռեկտորի բարեկամ լինելու հանգամանքը, ինչը ևս հեշտ ապացուցելի է:

Անդրադառնանք ռեկտորի որդուն, որի մասին հրապարակված տեղեկատվության մեջ իրականությանը համապատասխանում է միայն այն, որ նա բուհում սկսել է դասավանդել  2012թ. սեպտեմբերից՝ այն էլ աշխատանքի անցնելով համատեղությամբ, իսկ 2013թ. հունիսից առ այսօր  ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրենն է: Այս հարցի շուրջ նշենք, որ Վարդան Աթոյանն աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության երկրորդ` դիտարկումների բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ և «Ամբերդի» տվյալ ծրագիրը ղեկավարելու հանգամանքը պայմանավորված է բացառապես այդ ոլորտում նրա փորձով և հմտությամբ: Բացի այդ, աշխատանքային օրենսգիրքը սա չի արգելում: Նրա գիտական ատենախոսության մասին. «Իդեպ, Աթոյանի որդին հոր՝ռեկտոր դառնալուց հետո (2004թ) է պաշտպանել գիտական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան»,-գրել է հեղինակը՝ առանց անգամ տեղյակ լինելու, որ Կորյուն Աթոյանը ռեկտոր է ընտրվել ոչ թե  2004թվականին, այլ ընդամենը 2011թվականին:  Իսկ ատենախոսության մասին հարկավոր է նշել, որ ռեկտորի որդին այն պաշտպանել է 2004թվականին 015 մասնագիտական խորհրդում, որի անդամ չի եղել ռեկտորը: Կորյուն Աթոյանը միայն  2013թ. հունվարին է դարձել 014 մասնագիտական խորհրդի անդամ:

Մեր կողմից նշվածի հավաստիությունը փաստված է պաշտոնական փաստաթղթերով, որոնք առկա են անձնակազմի կառավարման բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին