Հայկական տնտեսագիտական միությունը հրավիրում է
Հայկական տնտեսագիտական միության 2012 թ. գիտաժողովը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 13-14-ին Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում համատեղ. այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ծանուցեց արտաքին կապերի բաժինը:
Համաձայն տեղեկատվության` տնտեսագիտության բոլոր բնագավառներում իրենց աշխատանքները ներկայացնելու են հրավիրվում հետազոտողները, գիտնականները, ուսանողները: Զեկուցումները կարող են վերաբերել եվրոպական ներքին պարտքի ճգնաժամին, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին, տնտեսական զարգացման հիմնախնդիրներին Հայաստանում և Հարավային Կովկասում, առևտրի ու տարածաշրջանային համագործակցության միտումներին կամ այլ որորտների: Գիտաժողովը կանցկացվի հայերենով և անգլերենով, իսկ բաժանմունքների աշխատանքները կկազմակերպվեն ըստ հետևյալ տնտեսագիտական ոլորտների` մաթեմատիկական և քանակական մեթոդներ, միկրոէկոնոմիկա և տնտեսության առանձին ճյուղեր, մակրոէկոնոմիկա և դրամավարկային տնտեսագիտություն, միջազգային տնտեսագիտություն, ֆինանսներ և բանկեր, հանրային տնտեսագիտություն, տնտեսական զարգացում և անցումային տնտեսություններ:
Մասնակցել ցանկացողները կարող են դիմել մինչև 2012 թ. հուլիսի 30-ը ` annual2012@aea.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով առավելագույնը 500 բառից բաղկացած ամփոփագիր (abstract): Այն պետք է ներառի վերնագիր, հեղինակ(ներ)ի անուն(ներ)ը, կազմակերպությունը և էլեկտրոնային հասցեն, պետք է ընդգրկի նաև հետազոտության խնդիրը, մեթոդները և ստացված (կամ ակնկալվող) արդյունքները:
Ամփոփագրի ընդունման որոշման մասին հեղինակները կտեղեկացվեն մինչև 2012 թ. օգոստոսի 15-ը: Վերջնական տեսքով հոդվածը պետք է վերը նշված հասցեին ուղարկվի մինչև սեպտեմբերի 30-ը, այն նախքան գիտաժողովը կտեղադրվի կայքում: Ուսանողների լավագույն աշխատանքները կներկայացվեն գրախոսման` «Armenian Journal of Economics» ամսագրում տպագրվելու համար:
Գիտաժողովի նպատակն է միավորել այս ոլորտի գիտնականներին, հետազոտողներին և ուսանողներին` աջակցելով մտքերի փոխանակմանը և տնտեսագիտական մտածելակերպի զարգացմանը:
Անհրաժեշտության դեպքում կարող եք այցելել www.aea.am: