Ստեղծվել է միգրացիոն ոլորտի վերաբերյալ էլեկտրոնային գրադարան

27.02.2018
Դիտումների քանակ՝ 435

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության նախաձեռնությամբ մշակվել է միգրացիոն ոլորտի վերաբերյալ էլեկտրոնային գրադարան, որը հասանելի է http://www.miglib.org հղումով:

Գրադարանում համակարգված ձևով ներկայացված են բնագավառի վերաբերյալ ամենատարբեր տեղեկություններ:

«Հրապարակումներ» բաժնում առկա են միգրացիայի ոլորտին առնչվող ավելի քան 500 հոդվածներ, որոնք զետեղված են «Հետազոտություններ», «Գիտական հոդվածներ», «Միգրացիայի տեսություն», «Ձեռնարկներ», «Միգրացիոն պրոֆիլներ», «Տեղեկագրեր», «Զեկույցներ» ենթաբաժիններում:

«Օրենսդրություն» բաժնում ներկայացված են ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթեր, որոնք դասակարգված են ըստ դրանք ընդունած մարմինների, ինչպես նաև միգրացիայի կարգավորմանն ուղղված բազմակողմ և երկկողմ միջազգային պայմանագրերի:

«Վիճակագրություն» բաժնի «Սահմանահատումներ», «Ապաստան հայցողներ և փախստականներ», «Կացության կարգավիճակ», Դրամական փոխանցումներ և «Ռեադմիսիա» ենթաբաժիններում ներկայացված են համապատասխան վիճակագրական հաշվետվություններ: Բացի դրանից, այս բաժինն ունի նաև «Վիճակագրական գործիք» ենթաբաժին, որը հնարավորություն է ընձեռում տարբեր զտիչների օգտագործմամբ գտնել որոնվող վիճակագրական տեղեկատվությունը և ձևավորել համեմատական աղյուսակներ:

Գրադարանում զետեղված նյութերը կարող են հետաքրքիր լինել ինչպես ՀՊՏՀ առանձին ամբիոնների և պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ առանձին մասնագիտությունների գծով ուսումնառող ուսանողների համար:

Տեղեկատվությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունից: