Հիշեցում զեղչերի դիմումների ընդունման մասին

02.03.2017
Դիտումների քանակ՝ 1620

ՀՊՏՀ ուսումնական բաժնից հայտնում են, որ ս.թ. փետրվարի 9-ից մեկնարկում է ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումների ընդունման գործընթացը: ՀՊՏՀ գիտական խորհրդի 2016թ. հունիսի 22-ին հաստատված «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի 14-րդ կետի համաձայն,  ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման  իրավունքից կարող են օգտվել ներքոհիշյալ ուսանողները.

  • սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատաման համակարգում հաշվառված  անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 30 տոկոս,
  • սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` 30 տոկոս.
  • 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` 50 տոկոս.
  • երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` 30 տոկոս.
  • երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` 30 տոկոս.
  • ՀՀ սահմանամերձ շրջաններում բնակվող համալսարանի ուսանողներին` 30 տոկոս.
  • 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում` հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` 30 տոկոս.
  • մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` 50 տոկոս.
  • ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, ուսումնառության ընթացքում ուսումնական կիսամյակների առնվազն կեսն անընդմեջ (ներառյալ վերջին կիսամյակը) միայն A+, A, A- գնահատականներ ունեցող ուսանողներին` բակալավրիատում` 50 տոկոս, մագիստրատուրայում` 30 տոկոս.
  • համալսարանում որպես հիմնական 5-10 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող աշխատող և աշխատողի երեխա ուսանողներին` 50 տոկոս, իսկ 10 տարուց ավելի անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող աշխատող և աշխատողի երեխա ուսանողներին` 70 տոկոս.
  • առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը, ովքեր ընդգրկված չեն սույն կանոնակարգի 4-րդ կետի 2)-րդ ենթակետի ա. պարբերությունում նախատեսված սոցիալական խմբում՝ 70 տոկոս.
  • մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին, ում զինվորական գրքույկի 7-րդ բաժնի «Հատուկ նշումներ» մասում առկա է ՀՀ պաշտպանության նախարարի 17.10.2014 թիվ 1230 հրամանի պահանջներին համապատասխան գրառում` հաստատված զորամասի հրամանատարի ստորագրությամբ և զորամասի զինանշանային կնիքով` 30 տոկոս.
  • ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում 70 տոկոսի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերությամբ.
  • համալսարանի մանդատային հանձնաժողովի կողմից ներկայացված և ռեկտորատի որոշմամբ հաստատված այլ ուսանողներին` 30 տոկոս:

Հիշեցնենք, որ առաջին կուրսի ուսանողներին ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրվում է ուսումնառության երկրորդ կիսամյակից սկսած:

Ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրվում է նախորդ կիսամյակի առաջադիմության (միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հարյուրերորդականի ճշտությամբ) հիման վրա: Ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունք ունեցող ուսանողը կորցնում է արտոնությունը.

1) եթե տվյալ կիսամյակի (տարվա) ուսման վճարը կիսամյակի (տարվա) առաջին ամսվա ընթացքում չի մուծել.

2) եթե նախորդ կիսամյակում (քննաշրջանում՝ առանց վերահանձնումների) ունեցել է ակադեմիական պարտք:

Վերականգնված (կամ տեղափոխված) ուսանողներն ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար կարող են դիմել առնվազն մեկ կիսամյակ սովորելուց հետո:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 9-ը:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել համապատասխան դեկանատ կամ ուսումնական բաժին: