Օսիյեկի համալսարանում ուսումնառելու հրավեր ՀՊՏՀ ուսանողներին

16.05.2019
Դիտումների քանակ՝ 1578

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Օսիյեկի համալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակն անցկացնելու վերոնշյալ բուհում:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր.

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ կամ 3-րդ կուրսերում (ծրագրին չեն կարող մասնակցել այն ուսանողները, ովքեր շարժունության ժամանակահատվածում սովորելու են ավարտական կուրսում),
  • ունեն անգլերեն լեզվի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև ս. թ. մայիսի 22-ը ներառյալ միջազգային կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝

  1. անձնագրի լուսապատճենը,
  2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն)
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  4. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ մասնակցել եք միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությանը,
  5. նախորդ կիսամյակների կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել այն համալսարանի անունը, որին դիմում է ուսանողը: Դուք կհամոզվեք, որ հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Խորվաթիայի երկարաժամկետ (D տեսակի) մուտքի արտոնագրի տրամադրման համար պատասխանատու դեսպանատունը գտնվում է Աթենքում: Ընտրված ուսանողները համապատասխան ընթացակարգով իրենց փաստաթղթերն ուղարկելու են Աթենք (Հունաստան)` Խորվաթիայի երկարաժամկետ (D տեսակի) մուտքի արտոնագիր ստանալու համար: Կրթաթոշակի շրջանակներում սույն գործընթացի և արտոնագրի վճարների հետ կապված ծախսերի փոխհատուցում չի նախատեսվում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: