Մրցույթ՝ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով

06.05.2022
Դիտումների քանակ՝ 849

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար հայտարարում է մրցույթ՝ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով:

Մրցույթի նպատակն է նպաստել բռնցքամարտ մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում բռնցքամարտ մարզաձևի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:

Մրցույթի պայմաններն ու կանոններն են.

· մայիսի 7-ից 14-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհրապարակվեն հայ բռնցքամարտիկների՝ տարբեր տարիներին գրանցած հաջողությունների վերաբերյալ հարցեր

· այն օգտատերը, որն առաջինը կպատասխանի «Ո՞ր բռնցքամարտիկն է և ե՞րբ է նվաճել տիտղոս» հարցին, կճանաչվի «օրվա հաղթող»

· պատասխանը պետք է գրել հայատառ

· պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից

· արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման

· հրապարակված տարբերակի հետ պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ

· նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի

Հաղթած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով: