Ի գիտություն ՀՊՏՀ մագիստրատուրայի մրցույթի արդյունքներով վճարման թույլտվություն ստացած ուսանողների
Համաձայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի կողմից 30.04.2020թ. հաստատված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգի 12-րդ կետի՝ ընդունելության առաջին փուլի արդյունքները հրապարակվում են մինչև 2020թ. հուլիսի 7-ը, որից հետո տրվում է վճարման թույլտվության հրամանը։ Նույն կանոնակարգի 14-րդ կետի համաձայն՝ առկա ուսուցմամբ վճարովի մագիստրատուրա ընդունված դիմորդների վերջնական հրամանագրումը կատարվում է առաջին կիսամյակի ուսման վարձի վճարման թույլտվություն ստանալուց հետո առաջին կիսամյակի նվազագույնը առաջին ամսվա ուսման վարձը վճարելու և վճարման կտրոնը մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը ընդունող հանձնաժողով ներկայացնելու դեպքում: Ընդունող հանձնաժողովը, սահմանված կարգի համաձայն, կազմել է էլեկտրոնային նամակ և առաջին փուլով մագիստրատուրա ընդունված ուսանողներին տեղեկացրել վճարում կատարելու անհրաժեշտության մասին։ Ընդունող հանձնաժողովի կողմից ուղարկված էլեկտրոնային նամակում մատնանշված հուլիսի 10-ը ժամկետը վերաբերվել է առաջին փուլի արդյունքներով մագիստրատուրա ընդունված ուսանողներին։ Այն չի պարունակել հարկադրանք և չի նախատեսել վճարում չկատարելու պարագայում ուսանողի իրավունքը ոտնահարող որևէ իրավական հետևանք։ Հարկ ենք համարում նշել, որ մագիստրատուրա ընդունելության կարգով սահմանված մինչև սեպտեմբերի 10-ը ժամկետը մագիստրատուրայի երկու փուլերի արդյունքներով մագիստրատուրա ընդունված ուսանողների վերջնական հրամանագրման համար սահմանված վերջնաժամկետն է։ Ցանկանում ենք հստակեցնել, որ 06.07.2020 թ. N ՈՒՄ/ 48 / 2- Ա հրամանով վճարելու թույլտվություն ստացած և ուսման վարձի առաջին ամսվա գումարը վճարած ուսանողները հուլիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ կհրամանագրվեն որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներ։ Հարկ ենք համարում պարզաբանել, որ ընդունող հանձնաժողովը որևէ նոր գործողություն սույն գործընթացում չի իրականացրել։ Նշյալ պահանջը համալսարանը մշտապես սահմանել է՝ նկատի ունենալով ակադեմիական խմբերի ձևավորման, պրոֆեսորադասախոսական կազմի ուսումնական ծանրաբեռնվածության կազմման և դասաժամերի բաշխման գործընթացի կազմակերպման հրատապությունը։ Միևնույն ժամանակ, համալսարանի մագիստրատուրա ընդունված բազմաթիվ ուսանողներ, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սոցիալական խնդիրներից ելնելով, ուսման վարձը վճարելու համար ցանկանում են դիմել բարեգործական հիմնադրամներին կամ բանկերին՝ ուսման վարձի փոխհատուցում կամ ուսանողական վարկ ստանալու համար, որի համար դիմում են համալսարանին իրենց ուսանողի կարգավիճակը հավաստող տեղեկանք տրամադրելու խնդրանքով։ Հորդորում ենք զերծ մնալ այս բնականոն գործընթացը խաթարող ավելորդ շահարկումներից: