Ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումներն ընդունվում են փետրվարի 11-ից մարտի 11-ը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի 2016 թվականի հունիսի 22-ի նիստում հաստատված «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի համաձայն» ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրվում է նախորդ կիսամյակի առաջադիմության (միջին որակական գնահատականի (ՄՈԳ) (հարյուրերորդա-կանի ճշտությամբ) հիման վրա: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից և ստորև ներկայացնում մանրամասները:
Ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունք ունեցող ուսանողը կորցնում է արտոնությունը.
1) եթե տվյալ կիսամյակի (տարվա) ուսման վճարը կիսամյակի (տարվա) առաջին ամսվա ընթացքում չի վճարել.
2) եթե նախորդ կիսամյակում (քննաշրջանում՝ առանց վերահանձնումների) ունեցել է ակադեմիական պարտք:
Ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունք տրվում է ներքոհիշյալ անձանց.
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին՝ 30 տոկոս.
2) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` 30 տոկոս.
3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` 50 տոկոս.
4) երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` 30 տոկոս.
5) երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` 30 տոկոս.
6) ՀՀ սահմանամերձ շրջաններում բնակվող համալսարանի ուսանողներին` 30 տոկոս (ՀՀ սահմանամերձ շրջանների ցանկը կցվում է, որը վերցված է ՀՀ ԿԳ նախարարի թիվ 01/06 2/8329-17 26.06.2017 գրությունից).
7) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում` հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` 30 տոկոս.
8) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` 50 տոկոս.
9) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, ուսումնառության ընթացքում ուսումնական կիսամյակների առնվազն կեսն անընդմեջ (ներառյալ վերջին կիսամյակը) միայն A+, A, A- գնահատականներ ունեցող ուսանողներին` բակալավրիատում` 50 տոկոս, մագիստրատուրայում` 30 տոկոս.
10) համալսարանում որպես հիմնական 5-10 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող աշխատող և աշխատողի երեխա ուսանողներին` 50 տոկոս, իսկ 10 տարուց ավելի անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող աշխատող և աշխատողի երեխա ուսանողներին` 70 տոկոս.
11) առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը, ովքեր ընդգրկված չեն սույն կանոնակարգի 4-րդ կետի 2)-րդ ենթակետի ա. պարբերությունում նախատեսված սոցիալական խմբում՝ 70 տոկոս.
12) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին, ում զինվորական գրքույկի 7-րդ բաժնի «Հատուկ նշումներ» մասում առկա է ՀՀ պաշտպանության նախարարի 17.10.2014 թիվ 1230 հրամանի պահանջներին համապատասխան գրառում` հաստատված զորամասի հրամանատարի ստորագրությամբ և զորամասի զինանշանային կնիքով` 30 տոկոս.
13) ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում 70 տոկոսի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերությամբ.
14) համալսարանի մանդատային հանձնաժողովի կողմից ներկայացված և ռեկտորատի որոշմամբ հաստատված այլ ուսանողներին` 30 տոկոս:
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողները, ում զինվորական գրքույկում կա գրառում մարտական գործողություններին մասնակցության վերաբերյալ, ստանում են ուսման վարձի փոխհատուցում 50 տոկոսի չափով՝ անկախ առաջադիմությունից:
Ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել համապատասխան ֆակուլտետի դեկանատ փետրվարի 11-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: