Սովորելու հնարավորություն Լեոնի համալսարանում
Հայաստանի պետական տնտեսագիտական և Լեոնի (Իսպանիա) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ ուսանողները հնարավորություն կստանան առաջադրվելու Լեոնի (Իսպանիա) համալսարանի կրթաթոշակային մրցույթին և հաղթելու դեպքում մեկ կիսամյակ (նվազագույնը՝ 3, առավելագույնը՝ 5 ամիս) սովորելու վերոնշյալ բուհում: Ուսանողներին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ, ինչպես նաև հավելյալ 820 եվրո՝ ճանապարհածախսը հոգալու համար։ Կրթաթոշակակիրները պետք է ունենան ճանապարհորդական ապահովագրություն (Oncampus insurance) մինչև մեկնումը, որը կընդգրկի նրանց շարժունության ողջ ժամանակահատվածը։ Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնք՝
· սովորում են ՀՊՏՀ առկա կամ հեռակա ուսուցման համակարգում, սակայն փոխանակման ծրագրով ուսումնառելու պահին չեն լինի ավարտական կուրսի վերջին կիսամյակում,
· աշնանային կիսամյակում «Էրազմուս+» ծրագրին դիմելիս սովորում են առկա բակալավրիատի 2-րդ, 3-րդ, հեռակա բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ, առկա մագիստրատուրայի 1-ին, հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերում,
· ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ, հավաստագիր (IELTS կամ TOEFL® iBT, Cambridge Assessment English քննությունների վավեր հավաստագրեր, ինչպես նաև ՀՊՏՀ-ում կազմակերպված քննությունների հավաստագիր),
· ունեն բարձր առաջադիմություն. նվազագույն ՄՈԳ-ը պետք է լինի 14,1՝ գնահատման 20 միավորանոց համակարգի պայմաններում (մագիստրատուրայում սովորողները կարող են ներկայացնել մագիստրատուրայի առաջին կիսամյակի ՄՈԳ-ը),
· ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում։
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև նոյեմբերի 23-ը, ժամը 23։59 լրացնեն հետևյալ հայտը:
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: