Ամառային դպրոց Գերմանիայում

28.02.2019
Դիտումների քանակ՝ 2270

ՀՊՏՀ ուսանողները կարող են մասնակցել «Նորարական և կայուն կառավարում Գերմանիայում» թեմայով ամառային դպրոցին, որը կանցկացվի Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի Շեֆելբերգի մասնաշենքում, հունիսի 24-30-ը:
Այս ծրագիրը հնարավորություն է տալիս հավաքելու կրեդիտներ՝ Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի միջոցով: Ամառային դպրոցի շրջանակներում առաջարկվող մոդուլներն առնչվում են մարքեթինգին, մարդկային ռեսուրսների կառավարմանը, կառավարմանը և շարժունությանը, ինչպես նաև սոցիալական շուկայական տնտեսությանը: Մոդուլները դասավանդվելու են բարձրակարգ մասնագետների կողմից, ժամանակակից դասասենյակներում, որոնք հագեցած են համակարգչային տեխնիկայով: Դասախոսությունների լեզուն գերմաներենն է:
Ամառային դպրոցին մասնակցությունն անվճար է, իսկ կեցության, ուսման, բնակության և սոցիալական գործունեության կազմակերպման ծախսերը հոգալու է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD): Բնակության համար մասնակիցներին հատկացվելու են սենյակներ ուսանողական ժամանակակից հանրակացարանում:
Ծրագրով հետաքրքրվածները պետք է մինչև մարտի 14-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝
1. անձնագրի լուսապատճենը,
2. ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (հայերեն և գերմաներեն լեզուներով),
3. մոտիվացիոն նամակ (հայերեն և գերմաներեն լեզուներով)
4. գերմաներենի իմացությունը հավաստող փաստաթուղթ,
5. բակալավրիատի ուսանողները՝ նախորդ կիսամյակների ամփոփ ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից (հայերեն),
6. մագիստրատուրայի ուսանողները՝ բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ վերջնական ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:
Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել «WHZ Summer school»:

Ամառային դպրոցին կարող են մասնակցել միայն այն ուսանողները, ովքեր ծրագրի իրականացման ժամանակաշրջանում համարվելու են ՀՊՏՀ ընթացիկ ուսանող:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: