«Իմ անուշ տղա» ներկայացումը՝ շուտով կրկին ՀՊՏՀ բեմում

02.03.2022
Դիտումների քանակ՝ 649

2021 թվականի հունիսի 16-ին, ապա հուլիսի 7-ին ՀՊՏՀ-ում բեմադրվեց թատերագիր Անահիտ Աղասարյանի և դերասանուհի Տաթևիկ Ղափլանյանի «Իմ անուշ տղա» պիեսը: Ստեղծագործական խումբը, ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանի ղեկավարությամբ, այն նվիրեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ՀՊՏՀ ուսանողների հիշատակին:

Պիեսի առաջնախաղը թատերական իրադարձություն էր՝ խոնարհում անմահ հայրենասերների հիշատակին և միաժամանակ հավաստում, որ մեր համալսարանում սովորում են շնորհաշատ և բարձր արժեքներ կրող երիտասարդներ, որոնց համախմբումը կարող է լինել ստեղծարար և կարող է արվեստի ուժով ու շնչով համակել բոլորին:

Առաջնախաղերից հետո ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացման մասին պատմող ֆիլմ պատրաստեց՝ զրույցի հրավիրելով ստեղծագործական թիմի անդամներին: Այսօր սիրով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆիլմը և տեղեկացնում, որ մարտի 3-ին և 4-ին, ժամը 14.30-ին «Իմ անուշ տղա»-ն կրկին բեմ կբարձրանա:

Ներկայացումը դիտել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով։