Սպիտակի երկրաշարժից անցել է 33 տարի

07.12.2021
Դիտումների քանակ՝ 883

Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը։ Պաշտոնական տվյալներով՝ 88-ի երկրաշարժին զոհ է գնացել 25 հազար մարդ, 140 հազար մարդ դարձել է հաշմանդամ, ավելի քան 500 հազարը՝ զրկվել տնից։

Մասնագետները փաստում են՝ եթե բնակչությունն իրազեկ և պաշտպանված լիներ, ապա արհավիրքի հետևանքներն անհամեմատ քիչ կլինեին։

Կարևորելով երկրաշարժերի մասին իրազեկվածության բարձրացումը՝ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ամբիոնը ամեն տարի միջոցառումներ է կազմակերպում։ ՀՊՏՀ ԱԻ և ՔՊ գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանի նախաձեռնությամբ և տնտեսագիտություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ այսօր միջոցառում անցկացվեց նաև այս անգամ՝ «Երկրաշարժ. 33 տարի անց» թեմայով։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 88-ի երկրաշարժի, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը։

«Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մեզ մշտապես սպառնում է երկրաշարժի վտանգը։ Այս առումով, շատ կարևոր է, որ մենք դասեր քաղենք անցյալից՝ չկրկնելու համար նախկին դառը փորձը։ Ուստի յուրաքանչյուրս մեր բնագավառում պետք է նպաստենք ռիսկերի նվազեցման գործընթացին, որպեսզի աղետների ժամանակ նվազագույնի հասցվեն կորուստները»,- ասաց Սիրանուշ Հարությունյանը։

Ուսանողները լուսապատկերներով ներկայացրին բնական աղետների, մասնավորապես՝ երկրաշարժի առաջացման պատճառները, հետևանքները, դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերը:

Միջոցառմանը հրավիրված էր նաև ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ԲՏԱՎ (Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչություն) պետ Սերոբ Դարբինյանը։ Վերջինս ներկայացրեց Սպիտակի երկրաշարժին հաջորդած երեք տասնամյակներում աղետակայունության ուղղությամբ մեր երկրում ձեռնարկված քայլերը, խոսեց բնակչության հետ տարվող աշխատանքների կարևորության մասին։

«Սպիտակի երկրաշարժը, անգամ 33 տարի անց, շարունակում է ահազանգ հանդիսանալ, որ բնակչության անվտանգության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»,- նշեց ՍՊՏԾ պաշտոնյան։

Սերոբ Դարբինյանը նաև պատասխանեց ուսանողների հարցերին։

Այնուհետև ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Անի Տերտերյանը շուկայագիտություն 1-ին կուրսի ուսանողների միջոցով անցկացրեց խաղ-խաչբառ՝ արտակարգ իրավիճակների վերաբերյալ գիտելիքների ամրապնդման և ստուգման նպատակով։

Հաղթողներն ստացան խորհրդանշական նվերներ՝ «գոյատևման» պարագաների կապոցներ։