Աշխատանքի տոնավաճառը կամուրջ հանդիսացավ ՀՊՏՀ-ի և Հայկական Ծրագրեր ընկերության միջև․ սերտ համագործակցության սկիզբը դրված է

08.12.2021
Դիտումների քանակ՝ 1027

Տնտեսագիտական համալսարանի բակում հոկտեմբերի 8-ին կայացած Աշխատանքի տոնավաճառին բազմաթիվ աշխատանք փնտրողներ հնարավորություն ստացան անմիջականորեն շփվելու ավելի քան 50 գործատուի հետ։ Հենց այդ ժամանակ էլ սկիզբ առավ ՀՊՏՀ-ի և տոնավաճառին մասնակից ընկերությունների, այդ թվում՝ Հայկական Ծրագրեր ընկերության համագործակցությունը։

Ընկերության գործունեությունը և այնտեղ հետագայում աշխատելու հեռանկարը ՀՊՏՀ ուսանողներից շատերին էր հետաքրքրել։ Արձագանքը չուշացավ։ Օրերս ընկերությունն իր գրասենյակի դռները բացեց ՀՊՏՀ ուսանողների առջև՝ ապագա տնտեսագետներին հնարավորություն տալով մոտիկից ծանոթանալու ընկերության գործունեության հիմնական ուղղություններին, պատմությանը: Հայկական Ծրագրերի ներկայացուցիչները ՀՊՏՀ ուսանողների հետ խոսեցին կազմակերպության զարգացման հեռանկարների ու նպատակների, ՀԾ համակարգերում նոր տեխնոլոգիաների ինտենսիվ կիրառման անհրաժեշտության մասին։ Բարձր կուրսեցիներին հնարավորություն տրվեց գրանցվելու ՀՊՏՀ ուսանողների համար կազմակերպվող ամենամյա ՀԾ համակարգերի դասընթացներին:

Հայկական Ծրագրերի հետ օրն ավարտվեց հյուրասիրությամբ և առցանց խաղ-վիկտորինայով: Հաղթողներն արժանացան մրցանակների։ Նրանցից երեքի հետ զրուցեցինք ստացած տպավորությունների մասին:

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Մարտիկ Պետրոսյանն ու Մարի Ավագյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիաննա Սայադյանն իրենց գոհունակությունը հայտնեցին կարճատև, բայց ուսանելի և օգտակար հանդիպման մասին:

«Մոտիվացիան շատ մեծ է՝ ավելի խորացնելու գիտելիքներս հաշվապահական հաշվառման բնագավառում։ Այս հանդիպումը կարևոր էր նրանով, որ հետագայում նաև աշխատանքի անցնելու հնարավորություն կընձեռվի»,- ասաց Մարտիկ Պետրոսյանը։

Մարի Ավագյանը նույնպես պատրաստվում է կարիերան կառուցել հաշվապահության ոլորտում։ Հայկական Ծրագրեր ընկերության «Բաց դռներ» միջոցառումից հետո Մարիի որոշումը հստակ է՝ աշխատելու է հենց այս ոլորտում: «Համալսարանում անվճար եմ սովորում, և դասերին պատրաստվելը ինձնից բավականին ժամանակ է խլում. ես չեմ հասցնում որևէ տեղ աշխատել, ձեռք բերել աշխատանքային փորձ։ Մտածում էի, որ դա խնդիր կառաջացնի, բայց երբ իմացա այս հնարավորության մասին, մասնակցեցի ՀԾ դասընթացներին՝ ստանալով գործնական գիտելիք։ Ուշագրավ է այն փաստը, որ ՀԾ ընկերությունը հաշվապահության ոլորտում լավագույն մասնագետներից մեկը դառնալու հարցում կարողանում է մոտիվացնել շատերին, այդ թվում՝ նաև ինձ»։

Մարիաննա Սայադյանի տպավորությունները ևս դրական են. «Ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով: Ընկերությունում ուշադրություն էին դարձրել անգամ ամենափոքր դետալներին։ Աշխատակիցները շատ ջերմ էին, մթնոլորտը՝ հաճելի ու տրամադրող։ Ցանկալի է՝ այն էներգիան ու մոտիվացիան, որ ստացանք ՀԾ-ից, ներդնենք մեր աշխատանքում, դառնանք լավագույնները ոլորտում»։

Նշենք, որ Հայկական Ծրագրեր ընկերությունը զբաղվում է բիզնեսի կառավարման համակարգեր մշակելով, ներդնելով ու դրանց հետագա սպասարկումով: 11000 պատվիրատուներով, 199 աշխատակիցներով և 34 տարվա փորձով Հայկական Ծրագրերը հանդիսանում է ոլորտի բացարձակ առաջատարը Հայաստանում: