Առցանց է «Ամբերդ» մատենաշարի 69-րդ թողարկումը

11.04.2024 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 887

«Ամբերդ» մատենաշարի նոր հետազոտությունը՝ «Երիտասարդների աշխատանքային միգրացիայի ազդեցությունը և կանխարգելման հնարավորությունները համայնքների ժողովրդագրական իրավիճակի փոփոխության գործընթացում», հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Զոյա Թադևոսյանը (հետազոտական խմբի ղեկավար), Թադևոս Ավետիսյանը, Տաթևիկ Մկրտչյանը, Ալբերտ Հայրապետյանը, Դիանա Մաթևոսյանը, Համլետ Մկրտչյանը, Ալիկ Թորոսյանը (հետազոտական խմբի անդամներ), խմբի խորհրդատուն է Վահե Բուլանիկյանը։

Հետազոտության նախաբանում ասվում է․ «Երիտասարդ միգրանտները, լինելով առավել շարժունակ սոցիալական խումբ, տարեկան միգրացիոն հոսքերի հիմնական մասն են ներկայացնում: ՀՀ միգրացիոն հոսքերի կազմում երիտասարդ տարիքի բնակչության միգրացիայի սոցիալ-ժողովրդագրական բնութագրիչների և արտագաղթի աշխարհագրական ուղղությունների ուսումնասիրության, տնտեսամաթեմատիկական մոդելների օգնությամբ մակրոտնտեսական և ժողովրդագրական հիմնական ցուցանիշների հետ դրանց փոխառնչությունների գնահատման հիման վրա, ըստ ՀՀ մարզերի ընտրանքային դիտարկումների՝ կատարվել է մանրակրկիտ հետազոտություն»։

Հետազոտության հեղինակները երիտասարդ աշխատուժի արտագաղթի սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշների վերլուծության, մարզային համայնքների ղեկավարների հետ հարցազրույցների միջոցով երիտասարդների շրջանում միգրացիայի դրդապատճառների, արտագաղթի ուղղությունների, ժողովրդագրական իրավիճակի վրա միգրացիայի ազդեցության և հետևանքների պարզաբանմամբ բացահայտել են երիտասարդ տարիքի անձանց արտագաղթի հետևանքները, մշակել են միջոցառումների համալիր:

Հետազոտական խումբը խորին շնորհակալություն է հայտնում ՀՀ էկոնոմիկայի նախարարության խորհրդական Արտակ Մարկոսյանին, Հայաստանի բանկերի միության նախագահի տեղակալ Արման Սարգսյանին, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վանանդ Կարապետյանին, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին համագործակցության և արժեքավոր փորձագիտական գնահատականների համար: