ՀՊՏՀ-ում դասախոսություն վարեց բիթքոյնի փորձագետը

Դիտումների քանակ՝ 2162

ՀՊՏՀ-ում թեև քննաշրջան է, այնուհանդերձ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի շատ ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ և ՈւԳԸ-ականներ այսօր մասնակից դարձան մի յուրատեսակ հանդիպում-դասախոսության, որը վարեց ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, գործարար, բիթքոյնի փորձագետ, ԱՄՆ-ում սեփական բիթքոյն ընկերությունը հիմնադրած, Կալիֆոռնիայում բիթքոյնի վաճառքի սարքը առաջինը գործարկած, Sony ընկերության աշխատակից Հովհաննես Տեբելիկյանը: ՀՊՏՀ-ականների համար նա լուսաբանեց «Բիթքոյնի գործունեության մեխանիզմները» թեման՝ շեշտը դնելով թվային արժույթի կիրառության վրա: Հանդիպմանը ներկա էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը:

Ներկայացնելով հյուրին՝ Դավիթ Հախվերդյանը վստահեցրեց ունկնդիրներին, որ հանդիպումն անցնելու է գործնական ու տեղեկատվական հագեցած մթնոլորտում:

Փորձագետը դասախոսությունը սկսեց թղթային փողի ստեղծման համառոտ ակնարկով, այնուհետև վերլուծեց բիթքոյնի ստեղծումն ու ամրապնդումը, համեմատեց թղթե և թվային արժույթները՝ ընդգծելով վերջինի առավել հեռանկարային լինելը: Դասախոսությունը գործնական բնույթի էր. փորձագետն վերլուծում էր կրիպտոարժույթի կիրառման մեխանիզմները:

Հանդիպման ընթացքում բանախոսը ՀՊՏՀ-ականներին օգնեց թվային արժույթի հաշիվներ ստեղծել և բոլորին բիթքոյն նվիրեց:

Ամփոփելով դասախոսությունը՝ Դավիթ Հախվերդյանը հույս հայտնեց, որ տպավորիչ հանդիպումից հետո Հովհաննես Տեբելիկյանի հետ համագործակցությունը շարունակական կլինի:

asue.am հետ զրույցում Հովհաննես Տեբելիկյանը ասաց, որ Հայաստանում բիթքոյնը գրեթե կիրառություն չունի, բայց միևնույն է, վաղ թե ուշ անցում է կատարվելու թվային արժույթի:

«Օրինակ, եթե ավանդների դեպքում բանկերը քիչ վստահելի են, բիթքոյնի դեպքում այս խնդիրը չկա, այն թվային է և ձերն է »,-վստահեցրեց փորձագետը՝ նշելով

որ հաճախակի Հայաստան գալու և թվային արժույթների մասին դասախոսելու ցանկություն կա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին