Համալսարանական սպորտի՝ առաջնություններով հագեցած տարին ամփոփվեց

26.12.2022
Դիտումների քանակ՝ 858

Դեկտեմբերի 24-ին ամենամյա հանդիսավոր մրցանակաբաշխությամբ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան (ՀՈւՄՖ) ամփոփեց սպորտային տարին՝ խրախուսելով 2022-ին աչքի ընկած մարզիկներին ու մարզիչներին։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պետական և ոչ պետական 23 համալսարանների ներկայացուցիչներ, ՀԱՕԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:

Ֆեդերացիայի նախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը ներկայացրեց 2022 թ․ ՀԱՈւՖ-ի իրականացրած միջոցառումների հաշվետվությունը և հանրագումարային արդյունքներն ամփոփելով՝ նախանշեց 2023 թ․ անելիքները։

Հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում շնորհակալագրերի արժանացան ՀՀ 23-րդ մարզական խաղերում ակտիվ մասնակցություն ունեցած համալսարանները, իսկ տարվա ընթացքում ընդհանուր հաշվարկով առավելագույն միավորներ գրանցած բուհերը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (1-ին տեղ, 1700 մավոր), Երևանի պետական համալսարան (2-րդ տեղ, 1150 միավոր), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (3-րդ տեղ, 850 միավոր) ստացան պատվոգրեր և գավաթներ:

Եվրոպական համալսարանական խաղերում և համալսարանների կոմբատ մարզաձևերի աշխարհի գավաթում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներ, ԵՊԲՀ ուսանողներ Դավիթ Մակյանը, Անիտա Մակյանը, մարզիչ Արման Մակյանը, ինչպես նաև ՀՖԿՍՊԻ ուսանող Գևորգ Բեգլարյանը ստացան հուշանվերներ:

2023 թվականին ևս մեր մարզիկներին մաղթում ենք ամուր կամք, ցանկանում սպորտային վառ ու տպավորիչ հաղթանակներ։