Հրապարակվել է նոր հետազոտություն՝ Լեռնային Ղարաբաղի իրավական հարցերի շուրջ

23.12.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1346

Հրապարակվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանի «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի իրավական տեսանկյունը» (The Legal Aspect of Nagorno-Karabakh Issue) հետազոտությունը, որի իրականացման համար հեղինակը դրամաշնորհ է ստացել Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկությունից (Calouste Gulbenkian Foundation)։

Հետազոտությունն ընդգրկում է իրավական հարցերի լայն շրջանակ՝ Արցախի կարգավիճակի իրավականությունից մինչև ռազմական հանցագործություններ, միջազգային քրեական իրավունքից մինչև միջազգային մարդասիրական իրավունք։ Բարձրացված հարցերը խարսխված են ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային կոնվենցիաների, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախադեպային որոշումների և այլ միջազգային իրավական փաստաթղթերի վրա։

Մեզ հետ զրույցում Ալբերտ Հայրապետյանը նշեց, որ գիրքը հսկայածավալ իրավական գրականության և միջազգային դատարանների նախադեպերի ուսումնասիրության ու տևական ստեղծագործական աշխատանքի արդյունք է և արժանացել Գալուստ է Կիւլպէնկեան հիմնարկության գնահատանքին։

Արցախյան հիմնախնդիրը հայաստանյան գիտական գրականության մեջ և հանրային խոսույթում գլխավորապես քննարկվել է քաղաքական, պատմական և զգայական հարթություններում, մինչդեռ հակամարտության իրավական կողմը մնացել է ստվերում, ուստի, այս առումով, Ա․ Հայրապետյանի աշխատությունն առանձնակի արժեքավոր է։

Հավելենք, որ հեղինակի ընտրած «ինքնահարցազրույցի» ոճը աշխատանքին լրացուցիչ հետաքրքրաշարժություն և պարզություն է հաղորդում։

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ մաղթելով հետագա արգասաբեր գիտական գործունեություն։