Գիտական խորհրդի ընդլայնված նիստում հավանության արժանացավ ՀՊՏՀ 2022 թ․ գործունեության հաշվետվությունը, հաստատվեց նոր ռազմավարությունը
ՀՊՏՀ գիտական խորհրդի անդամների, պրոֆեսորադասախոսական, վարչական աշխատակազմերի ներկայացուցիչների և ուսանողների մասնակցությամբ այսօր կայացավ Տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստը։ Զեկուցմամբ հանդես եկավ ՀՊՏՀ գիտական խորհրդի նախագահ, ռեկտոր Դիանա Գալոյանը՝ ներկայացնելով ՀՊՏՀ 2022 թ․ գործունեության տարեկան հաշվետվությունը, 2022թ․ բյուջեի կատարման արդյունքները, 2023 թ․ բյուջեի նախահաշիվը և 2023-2027 թթ․ զարգացման ռազմավարությունը։
Օրակարգի առաջին հարցի՝ ՀՊՏՀ 2022 թ․ գործունեության տարեկան հաշվետվության վերաբերյալ ռեկտորն ընդգծեց, որ ժամանակագրական առումով այն համընկնում է բուհի 2018-2022 թթ․ զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի ավարտի հետ, ուստի կարելի է համարել նախորդ շրջանի գործունեության արդյունքների հավաքական արտացոլում։
Այսպիսով, Դիանա Գալոյանը հանգամանորեն անդրադարձավ ՀՊՏՀ 2018-2022 թթ. զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի 5 առանցքային ուղղություններին։ Ռեկտորի ելույթի կարևոր ընդգծումները ներկայացնենք հաջորդիվ։
«Կրթական ծրագրերի որակի բարելավում» ռազմավարական նպատակին համահունչ՝ համալսարանում շարունակվել է 2021 թվականից սկսած կրթական ծրագրերի վերանայման գործընթացը, ուշադրության կենտրոնում է եղել ակադեմիական կազմի վերապատրաստումը, բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման համար իրականացվել են մի շարք միջոցառումներ և նախագծեր, շարունակվել են ուսանողների փորձառության, ձեռնարկատիրական և գործնական հմտությունների շարունակական զարգացմանն ուղղված միջոցառումները, համալրվել է աշխատանք փնտրող ՀՊՏՀ շրջանավարտների տեղեկատվական շտեմարանը, իրականացվել են նաև դիմորդների ներգրավման և մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ, այդ թվում, որպես նորույթ, ամառային և աշնանային ճամբարներ՝ աշակերտների համար։ Հաշվետու ժամանակաշրջանում էապես բարելավվել են նաև բուհի, ՀՊՏՀ քոլեջի, ինչպես նաև Գյումրու մասնաճյուղի ենթակառուցվածքները:
«ՀՊՏՀ գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացում» ռազմավարական 2-րդ ուղղությամբ որակյալ կադրերի ներգրավման նպատակով 2022 թ. ՀՊՏՀ-ում հայտարարվել է ակադեմիական կազմի համալրման մրցույթ, կիրառության մեջ են դրվել համալսարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված մի շարք կարգեր, ՀՊՏՀ բյուջեի մուտքերի բազմազանեցման և կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով կազմակերպվել են վճարովի դասընթացներ, շարունակվել են ֆոնդահայթայթման աշխատանքները, Moodle և Ums համակարգերի միջոցով իրականացվել է ուսումնական գործընթացի էլեկտրոնային կառավարումը։
«Կիրառական հետազոտություններ-կրթություն ինտեգրման և կիրառական հետազոտություններ-տնտեսություն համագործակցության ապահովում» ռազմավարական նպատակի համատեքստում շարունակվել է գիտության և կիրառական հետազոտական գործունեության զարգացման հետևողական քայլերի իրականացումը: Դրամաշնորհային հիմունքով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով «Ամբերդ» կենտրոնում իրականացվել են 10 հետազոտական ծրագրեր, փորձաքննության են ենթարկվել և համապատասխան առաջարկությունների փաթեթներ են մշակվել մի շարք իրավական ակտերի վերաբերյալ, լույս են տեսել «Ամբերդ» տեղեկագրի և «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի համարները, շարունակվել են ակադեմիական կազմի գիտական հրապարակումները, այդ թվում՝ ազդեցության գործակից ունեցող Scopus կամ WoS շտեմարաններում։
«Միջազգայնացման ընդլայնում» ռազմավարական ուղղությամբ համագործակցության հուշագրեր են կնքվել օտարերկրյա բուհերի հետ և համաձայնություն է ձեռք բերվել՝ իրականացնելու ուսանողների, դասախոսների ու հետազոտողների փոխանակման ծրագրեր, ինչպես նաև կազմակերպելու միջազգային գիտակրթական միջոցառումներ ու համատեղ դիմելու դրամաշնորհային ծրագրերի։ Շարունակվել են փոխանակման ծրագրերը, դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում նախատեսված գործողությունները, միջազգային վարկանշավորման կազմակերպությունների հետ համագործակցությունը, կազմակերպվել են նաև մի շարք միջազգային և գիտակրթական միջոցառումներ, մեկնարկել է օտարերկրյա դիմորդների հավաքագրումը։
«Ակադեմիական էթիկայի և սոցիալական պատասխանատվության սկզբունքների ներդրում» ռազմավարական նպատակին համապատասխան՝ 2022 թ. մշակվել և գործողության մեջ են դրվել կանոնակարգեր, համալսարանն ապահովվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով, իրականացվել են սոցիալական պատասխանատվության ծրագրեր։ Անցնող տարում բուհի առցանց հանրային հարթակներում շարունակվել են հասարակայնությանն ուղղված լրատվատեղեկատվական և մարքեթինգային աշխատանքները՝ ամրապնդելով բուհի հաշվետվողական և թափանցիկ աշխատանքը։
Հաջորդիվ ռեկտորն անդրադարձավ 2022 թ. բյուջեի կատարողականին՝ նշելով, որ ընդամենը դրամական մուտքերը կազմել են 3,545 մլն ՀՀ դրամ, ելքերը՝ 3,360 մլն ՀՀ դրամ, ուստի 2022 թվականի համար պլանավորվածի համեմատ կատարվել է բյուջեի մուտքերի մոտ 95%-ը, իսկ ելքերի 90%-ը: Տարեվերջյան մնացորդը կազմել է 1,914 մլն ՀՀ դրամ, ինչը 11%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Այնուհետև Դիանա Գալոյանը ներկայացրեց 2023 թ․ բյուջեի նախահաշիվը՝ ընդգծելով, որ այն կլինի դեֆիցիտային։
Օրակարգային 4-րդ հարցը վերաբերում էր ՀՊՏՀ 2023-2027 թթ․ զարգացման ռազմավարության նախագծին, որը, ինչպես նշեց բուհի ղեկավարը, նախապես առաքվել էր բուհի բոլոր ստորաբաժանումներին, հնչել էին բազում առաջարկներ, որոնք նիստից առաջ կրկին ուղարկվել են գիտխորհրդին։ Ռեկտորը համոզմունք հայտնեց, որ նախորդ ռազմավարությամբ արձանագրված հաջողությունները նոր ռազմավարությամբ կվերածվեն թռիչքաձև զարգացման, և ՀՊՏՀ-ն իր դիրքերը կամրապնդի հատկապես միջազգային կրթական շուկայում։ Ավարտելով օրակարգային հարցերի ներկայացումը՝ Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց կոլեկտիվին՝ ընդգծելով, որ բուհի հավաքական հաջողությունը յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքն է և շնորհավորեց գալիք տոների առթիվ։
Գիտխորհրդի ընդլայնված նիստում քվեարկությամբ որոշվեց հավանություն տալ ՀՊՏՀ 2022 թ․ գործունեության տարեկան հաշվետվությանը, 2022 թ․ բյուջեի կատարման արդյունքներին, 2023 թ․ բյուջեին, ինչպես նաև նոր ռազմավարությանը և դրանք ներկայացնել բուհի խորհրդի քննարկմանը։
Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց մի քանի ընթացիկ հարցեր, որոնց շարքում առաջարկվեց գիտության միջազգայնացման նկատառումով բուհի «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսը դարձնել անգլիալեզու և թողարկել տարեկան 3 համար, հիմնել հայալեզու գիտական նոր հանդես՝ «Տնտեսություն և հասարակություն»։ Փոփոխություն կատարվեց բուհի հրատարակչության աշխատակարգում՝ ամրագրելով պարտադիր առաքման նոր ուղղություն, ինչպես նաև հրատարակության երաշխավորվեց «Երիտասարդ գիտնական» խորագրով ՈՒԳԸ 40-րդ նստաշրջանի գիտական հոդվածների ժողովածուն։
Հավելենք, որ խորհրդի հաստատումից հետո բուհի տարեկան հաշվետվությունները հրապարակվում են ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ մանրամասն արտացոլելով բուհի գործունեությունը։