ՀՊՏՀ շուրջ 7 տասնյակ աշխատակիցներ անցել են գործարար անգլերենի վերապատրաստման անվճար դասընթացներ

01.10.2021
Դիտումների քանակ՝ 2235

ՀՊՏՀ շուրջ 7 տասնյակ աշխատակիցների համար ՀՊՏՀ ղեկավարության նախաձեռնությամբ կազմակերպված գործարար անգլերենի վերապատրաստման եռամսյա անվճար դասընթացները, որոնք ավարտվել էին հունիսի 30-ին, երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ամփոփվեցին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանը, շարունակական կրթության բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, դասավանդող դասախոսներն ու դասընթացների մասնակիցները:

Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Դիանա Գալոյանը պրոֆեսորադասախոսական կազմի անդամներին և ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչներին շնորհավորեց գործարար անգլերենի իրենց իմացությունը բարելավելու և հավաստագրեր ստանալու առիթով։ Ռեկտորը հատկանշեց, որ բուհի ղեկավարությունը պահպանելու է օտար լեզուների գծով վերապատրաստման շարունակականությունը, կարևորեց առհասարակ լեզուների, նաև՝ ռուսաց լեզվի իմացությունը՝ դասախոսությունների բարձր որակ ապահովելու, միջազգային ծրագրերին մասնակցելու, գիտահետազոտական գործունեությունը կատարելագործելու նպատակով: «Հորդորում եմ, որ լեզուների իմացության կատարելագործման ուղղությամբ, բացի դասընթացներից, ինքներդ էլ աշխատանք կատարեք, հատկապես, որ շատ ու շատ ծրագրերում այն պարտադիր պայման է»,- ասաց Դիանա Գալոյանը:

Վերապատրաստվողների անունից բուհի ղեկավարությանն ու դասավանդողներին շնորհակալություն հայտնեցին ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, հասարակագիտության ամբիոնի վարիչ Վարդան Աթոյանը, շարունակական կրթության բաժնի պետ Աղավնի Հակոբյանը:

Հավաստագրերի հանդիսավոր հանձնումից հետո Աղավնի Հակոբյանից ի լրումն տեղեկացանք, որ գործարար անգլերենի վերապատրաստման ծրագրին մասնակցել է ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի շուրջ 70 աշխատակից, դասավանդել են ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոսներ Անուշ Խաչատրյանը և Ռուզաննա Բաղրամյանը, ինչպես նաև հրավիրյալ դասընթացավար Ռուզաննա Գաբրիելյանը։

«Առաջիկայում համալսարանում կազմակերպվելու է թեստավորում, որի հիման վրա կազմավորվելու են նոր խմբեր՝ եռամսյա վերապատրաստմանը մասնակցելու նպատակով»,- ասաց Աղավնի Հակոբյանը։