ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովում հաղթող ճանաչված ՀՊՏՀ մոդելային օրենքի հայտը կյանքի է կոչվում

01.10.2021
Դիտումների քանակ՝ 1221

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն այսօր հյուրընկալեց ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի քարտուղարության փորձագիտական-վերլուծական վարչության խորհրդատու Նատալյա Ամբուրցևային, որը մեր համալսարան այցելեց ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ուղեկցությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, որն ԱՊՀ երկրների համար մշակում և ընդունում է տարբեր մոդելային օրենքներ, հավանության է արժանացել ՀՊՏՀ-ի ներկայացրած՝ «Լեռնահանքային արդյունաբերության գործունեության ազդեցության գնահատումը ազդակիր (շրջակա) համայնքների բնակչության առողջության վրա» մոդելային օրենքի հայտը, որի աշխատանքային խումբը ղեկավարում է պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։

Հանդիպման առիթը հաղթող ճանաչված մոդելային հայտի իրականացումն է, որի կատարման մասին պայմանագիր ստորագրվեց։

ՀՊՏՀ ռեկտորը ողջունեց հյուրին, ներկայացրեց Տնտեսագիտական համալսարանը, ենթակառուցվածքները, մասնագիտությունների լայն սպեկտրը, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ընդգծեց, որ Տնտեսագիտական համալսարանը բաց է համագործակցության համար, իսկ կոլեկտիվը ճկուն և ստեղծագործաբար է մոտենում աշխատանքին՝ հանդես բերելով տարբեր գաղափարներ։ Դիանա Գալոյանը նաև շեշտեց, որ վերջին տարիներին մեծապես ակտիվացել է ՀՊՏՀ համագործակցությունը ԱՊՀ երկրների բուհերի հետ և այստեղ փոխգործակցության մեծ ներուժ կա։

Նատալյա Ամբուրցևան շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և նշեց, որ հնարավոր բոլոր ջանքերը կներդնի ՀՊՏՀ-ի հետ արդյունավետ աշխատանքի իրականացման գործում։