ՀՊՏՀ-ն Արցախի համալսարանների հետ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հետազոտություն կիրականացնի

30.09.2021
Դիտումների քանակ՝ 1374

Երկօրյա աշխատանքային այցով (սեպտեմբերի 28-29) Արցախում գտնվող ՀՊՏՀ պատվիրակության անդամները վերադարձել են Երևան։ Արցախ այցելության նպատակը ՀՊՏՀ նախաձեռնությամբ ու Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարանների հետ նախատեսվող «Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականը» թեմայով հետազոտության քննարկումն էր, դասախոսությունների անցկացումը և համագործակցության հնարավորությունների բացահայտումը։

Զարգացման իրենց տեսլականը Տնտեսագիտական մայր բուհի ներկայացուցիչները արցախցի գործընկերների հետ քննարկելու հնարավորություն են ունեցել սեպտեմ­բերի 28-ին՝ Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ)։ ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը և ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը գործընկեր երկու բուհերի ղեկավարների հետ քննարկել են համագործակցությանը, համատեղ ծրագրերին և «Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականը» գիտահետազոտական նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։

ՀՊՏՀ գիտական շրջանակների հետաքրքրությունների ոլորտը, այս առումով, խիստ ընդարձակ է՝ Արցախի մակրոտնտեսական իրավիճակի համապարփակ վերլուծութ­յունից մինչև արտաքին տնտեսական գործունեություն։ Այս հետազոտությամբ տնտե­սագետները համակողմանի վերլուծության են ենթարկելու հետպատերազմյան Արցախի տնտեսության հիմնական ճյուղերի գործունեության դինամիկան, սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներն ու ենթակառուցվածքները, գնահատելու են պատերազմի հետևանքով Արցախի տնտեսության կրած կորուստները, առաջարկելու են լուծումներ, ուղիներ են փնտրելու նոր ներդրումների համար։

Հայաստանի պետական տնտեսագիտական և Շուշիի տեխնոլոգիական համալսարանների (ՇՏՀ) համագործակցության շրջանակում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը նաև «Մրցունակություն. աշխարհ և Հայաստան» թեմայով դասախոսություն է կարդացել ՇՏՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և «Ագրոբիզնես» մասնագիտության ուսանողների համար։

«Մենք պետք է փորձենք լինել մրցունակ, քանի որ ապրում ենք գլոբալ մրցակցային պայմաններում, երբ երկրի կրթական համակարգի և այդ համակարգի աշխատող­ների գիտե­լիք­նե­րի, հմտու­թյու­նների բարելավման կարողությունն ազ­գային տնտեսու­թյան մրցունա­կու­թյան վճռորոշ գործոններից է»,- նշել է Դավիթ Հախվերդյանը՝ հավելելով, որ կախ­ված երկրի տնտեսական մոդելից և զարգացման մակարդակից՝ ան­հրա­­ժեշտ է մշակել ժամանակի պահանջներին համահունչ տնտեսական կար­գա­վոր­ման մո­տեցում­ներ, որոնք կօգնեն դիմա­գրավել տնտեսական ցնցումներին։

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել նաև ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը։ Պրոֆեսորը խոսել է ջրամատակարարման ցանցի գոտիավորման և ջրաքանակի հաշվառման խնդիրների շուրջ, առանձնացրել այն գործոնները, որոնք պետք է հաշվի առնվեն ջրամատակարարման ցանցի գոտիավորման նախագծման ժամանակ։

«Եթե մեզ հաջողվի այս հետազոտությունն իրականացնել, կարծում եմ՝ կարևոր գործ արած կլինենք, քանի որ այն կդառնա հետպատերազմյան Արցախի տնտեսության զարգացման համալիր հետազոտություն, ինչը շատ արժեքավոր է ու նաև պահանջված այս փուլում»,- ամփոփելով այցի արդյունքները՝ asue.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ հետազոտության իրականացումն այս այցի ամենակարևոր ձեռքբերումը կլինի։ Պրոռեկտորը նաև հույս հայտնեց, որ հաջող իրականացման դեպքում այն կարող է դառնալ որոշումների կայացման և քաղաքականության հիմք։

Նշենք, որ ՀՊՏՀ-ի, ԱրՊՀ-ի և ՇՏՀ-ի միջև ավելի վաղ ստորագրված համագործակցության հուշագրերի շրջանակներում առաջիկայում սպասվում է նաև Արցախի պետական համալսարանի ռեկտորի այցը ՀՊՏՀ։ Տնտեսագիտական բուհը պատրաստակամություն է հայտնել նաև արցախցի իր գործընկերներին տրամադրելու մասնագիտական գրականություն, առցանց հարթակում հանդես գալու թեմատիկ դասախոսություններով, կազմակերպելու փոխայցելություններ և այլն։