Այն մասին, թե ինչպես բարելավել վաճառքի հմտությունները. հյուրը Ռոստելեկոմից էր
ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնի կազմակերպած հերթական բաց դասն այսօր էր՝ «Վաճառքի հմտություններ, հաճախորդների սպասարկման ստանդարտներ» թեմայով, վարեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (Ռոստելեկոմ Հայաստան) մանրածախ վաճառքի դեպարտամենտի ղեկավար Դավիթ Սահակյանը։
Ոլորտի վերաբերյալ նոր ասելիք ունկնդրելու ակնկալիքով լսարան էին եկել մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողներ: Ներկա էին շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը, նույն բաժնի աշխատակիցները, մարքեթինգի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Վադիմ Գրիգորյանը: Հանդիպումն անցավ ուսանողների սիրելի ձևաչափով՝ հագեցած քննարկումներով, վերլուծություններով: Դավիթ Սահակյանն իր աշխատանքային փորձի հիման վրա անդրադարձավ վաճառքի հաջողության գրավականին՝ շուկայագետի համար առանցքային համարելով հաճախորդի հետ գրագետ հարաբերությունների կառուցման հմտությունը, մրցակցային շուկային քաջածանոթ լինելը, ճկուն գործելաոճը:
Հարցուպատասխանի ընթացքում բանախոսը հայտնեց, որ ՀՊՏՀ-ականները հիանալի պատկերացում ունեն վաճառքի և սպասարկման ոլորտի վերաբերյալ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին