ESPAQ ծրագրի հիմնական արդյունքների ու ԵՄ «Կրթության, տեսաձայնային և մշակութային» գործադիր գործակալության կողմից տրված ամփոփիչ գնահատականի մասին

Դիտումների քանակ՝ 1354

ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից հայտնում են, որ օրերս ԵՄ «Կրթության, տեսաձայնային և մշակութային» գործադիր գործակալության կողմից ստացվել է ԵՄ Տեմպուսի «Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ, №544261-TEMPUS-1-2013-1-BE-TEMPUS-SMGR) ծրագրի բովանդակային և ֆինանսական հաշվետվությունների եզրափակիչ բարձր գնահատականը: Մինչ այդ, ծրագրի ընթացքում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները բարձր են գնահատվել նաև Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի ներկայացուցիչների կողմից կատարված մշտադիտարկման այցի շրջանակում:
Շնորհավորելով Տեմպուսի ծրագրում արդյունավետ մասնակցության և ապահոված արդյունքների համար՝ ԵՄ «Կրթության, տեսաձայնային և մշակութային» գործադիր գործակալությունը հույս է հայտնում, որ ESPAQ ծրագրի կոնսորցիումի անդամների միջև գործընկերային հարաբերությունները կունենան շարունակական բնույթ՝ հիմնվելով ձեռք բերված վերջնարդյունքների վրա ու ապահովելով ծրագրի կայունությունը: ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո հայաստանյան գործընկերների միջև ստորագրված փոխհամաձայնության հուշագիրը, ինչպես նաև բուհերի, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ցուցաբերած հետաքրքրությունը խորապես կնպաստեն ծրագրի գլխավոր նպատակի իրագործմանը, այն է՝ որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավմանը։
Հատուկ նշվել է նաև ՀՊՏՀ և ծրագրի գործընկեր Սպիրու Հարեթի անվան համալսարանի (SHU, Ռումինիա) միջև կնքված փոխընբռնման հուշագրի մասին՝ որպես ծրագրի ապահոված հավելյալ արդյունք։
Հիշեցնենք, որ ESPAQ ծրագիրն անդրադառնում էր Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի առանցքային մարտահրավերներից մեկին և նպատակ ուներ ընդլայնել ուսանողների՝ որպես ներքին շահակիցների ներգրավումը Հայաստանի բուհերի որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում։
Ծրագրի կոնսորցիումի միջոցով ուսումնասիրվել են ՈԱ տարբեր մակարդակներում հայ ուսանողների համամասնակցության շարժառիթները և խոչընդոտները: Համալսարանական գիտակրթական հանրության շրջանակներում ուսանողների մասնակցության կարևորության վերաբերյալ տեղեկացվածության ու իրազեկման բարձրացման միջոցով ստեղծվել են համապատասխան պայմաններ ՈԱ գործընթացներում ուսանողների ներգրավվածության ընդլայնման և համալսարանների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։
Մասնավորապես, աշխատանքային երկրորդ՝ «Հայաստանում որակի ապահովման (ՈԱ) գործընթացների ուսումնասիրություն» փաթեթի շրջանակներում իրականացվել է Եվրոպայում և Արևելյան Հարևանության երկրներում որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության համեմատական վերլուծություն ու ոլորտային նյութերի ուսումնասիրություն և որպես արդյունք հրատարակվել է «Որակի ապահովմանը ուսանողների ներգրավվածության» համեմատական վերլուծությունը:
Հայաստանում որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության մասին ընդհանուր պատկերացում կազմելու նպատակով իրականացվել է ուսումնասիրություն՝ նախապես մշակված մեթոդաբանությամբ հարցումների, հարցազրույցների և ֆոկուս խմբերի միջոցով ու հրատարակվել է «Ապահովելով Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովմանն ուսանողների մասնակցությունը» վերլուծությունը։ Վերոնշյալ ուսումնասիրությունները հրատարակվել են ծրագրի կոնսորցիումի անդամ պետությունների լեզուներով (հայերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, ռումիներեն)։ Աշխատանքային երրորդ՝ «Որակի ապահովման (ՈԱ) ոլորտում ուսանողների կարողությունների զարգացում» փաթեթի շրջանակում կազմակերպված «Ուսանողների դերն ու մասնակցությունը ՈԱ գործընթացներում»» իրազեկման հանդիպումից և ուսանող-փորձագետներ վերապատրաստելու համար նախատեսված դասընթացներից հետո մշակվել և հրատարակվել է «Ուսանողական ձեռնարկ»: Ձեռնարկն ընդհանուր պատկերացում է տալիս կրթության որակ, բարձրագույն կրթության համակարգում որակի ապահովման ընթացակարգեր հասկացությունների, որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացներում այնպիսի մարմինների դերակատարման մասին, ինչպիսիք են՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը (ՈԱԱԿ) և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈՒԱԱ)։ Բացի այդ, ձեռնարկն օգտակար համատեքստ է ապահովում հայաստանյան բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության վերաբերյալ, և նախատեսված է ուսանողների ու ուսանողական ներկայացուցչությունների, ինչպես նաև որակի ապահովման ոլորտի աշխատակիցների համար։
ՀՊՏՀ կողմից համակարգվող աշխատանքային չորրորդ՝ «Որակի ապահովման փորձաքննության սիմուլյացիաներ» փաթեթի շրջանակում անցկացվել են մի շարք վերապատրաստումներ, կազմակերպվել են հայաստանյան գործընկեր համալսարանների ուսանողների ուսումնական այցեր դեպի Իտալիա, Ռումինիա և Իսպանիա՝ ԵՄ գործընկեր համալսարաններ, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու համալսարանների որակի ներքին ապահովման համակարգերին և գործընթացներին, ինչպես նաև տվյալ երկրի կրթության որակի ապահովման արտաքին համակարգերի առանձնահատկություններին։
Բացի դրանից, այս փաթեթով նախատեսված են եղել ուսանող-փորձագետների մի շարք վերապատրաստումներ և աշխատաժողովներ, որոնք ուղղված են եղել որակի ներքին ապահովման համակարգերի վերլուծության ու գնահատման համար անհրաժեշտ կարողությունների և գիտելիքների ձեռքբերմանը։ Աշխատանքային փաթեթի երկրորդ մասն առնչվել է որակի ապահովման արտաքին համակարգում ուսանողների մասնակցությանը, ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի փորձին և դրանում ուսանողների մասնակցության անհրաժեշտությանն ու հնարավորություններին:
ՀՊՏՀ-ում ծրագիրն իրականացրել և համակարգել է որակի ապահովման բաժինը: 
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Նշենք, որ ստացված սույն գնահատականը արխիվացվում է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրի՝ «ՀՊՏՀ մասնակցությունը Տեմպուսի ծրագրերին» խորագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին