Մագիստրանտներն այցելել են ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն
Ազգային դրամի 25-ամյակի առիթով հոկտեմբերի 27-ին մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման մագիստրատուրայի ուսանողները, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ, այցելել են ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն՝ տեղում ծանոթանալու դրամանիշերի պատմությանը, ԿԲ գործունեությանը, դրամավարկային և ֆինանսական քաղաքականությանը:
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնից՝ ներկայացնելով մանրամասներ: Այցելուների կենտրոնը ստեղծվել է՝ հաշվի առնելով եվրոպական երկրների կենտրոնական բանկերի լավագույն փորձը և, անշուշտ, ՀՀ առանձնահատկությունները: Ի տարբերություն այլ երկրների, ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնի ստեղծման նպատակը տարաբնույթ կրթական գործիքների՝ ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով ՀՀ ԿԲ գործունեության և դերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նաև ուսանողներին: Ուշագրավ է նաև այն, որ անցկացվում են թեմատիկ դասախոսություններ` հատուկ խմբերի համար:
Ցուցադրանքում ներկայացվել են 24 ստատիկ վահանակներ, 2 ինտերակտիվ գոտիներ` դրամանիշերի ստուգման լաբորատորիա, բանկոմատ, 2 մուլտիմեդիային խաղեր, ազգային դրամի պատմության մասին տեսաֆիլմ, Կենտրոնական բանկի պատմության և գործունեության մասին 2 տեսաֆիլմ, գների կայունությունը և ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող ֆիլմեր, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ:
Մակրոէկոնոմիկայի ամբիոնի ուսանողները և Կարեն Գրիգորյանն իրենց շնորհակալությունն են հայտնում ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնի համակարգող Անժելա Գևորգյանին՝ օգտակար և հետաքրքիր նյութերի ներկայացման համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին