Ակադեմիական միտքը ծառայում է պետական կառավարմանը. «Ամբերդ» կենտրոնն ավարտեց հանրային քննարկումները

26.12.2020 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1745

«Ամբերդ» հետազոտական կենտրոնը դեկտեմբերի 1-ից հայտարարեց իր կողմից իրականացվող հետազոտական թեմաների շուրջ հանրային քննարկումների շարք սկսելու մասին: Հայտարարված քննարկումների օրակարգում էին ամենատարբեր թեմաներ` միջհամայքային համագործակցության առանձնահատկությունները, ՀՀ ցորենի և ալյուրի շուկաների, աղբահանության ոլորտի խնդիրները, ՀՀ տարածքային կառավարման համակարգի հեռանկարները, էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավորությունները, Հայաստանի տնտեսության վրա բացասաբար ազդող գործոնները, կրթական հաստատությունների գործունեության ֆինանսավորման գնահատումը, Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցության հեռանկարները, պարենային անվտանգության, ՀՀ աշխատաշուկայի հիմնախնդիրները, ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներում արհեստական բանականության կիրառական լուծումները, պետական մասնակցությամբ բժշկական կազմակերպությունների կառավարման հարցերը, ագրոզբոսաշրջության զարգացման հնարավորությունները:

Դեկտեմբերի 24-ին ավարտվել են 13 հետազոտական թեմաների շուրջ քննարկումները, որն ամփոփելու խնդրանքով զրուցել ենք «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանի հետ:

asue.am-ի հետ զրույցում Դավիթ Հախվերդյանը նշեց, որ թեև քննարկումների առցանց ձևաչափը որոշակի սահմանափակումներ է ստեղծում, այնուամենայնիվ քննարկումներն անցել են հաջող, հետազոտական 13 թեմաներից 10-ը իրականացվել է արտաքին շահառուների՝ մասնավորապես պետական կառավարման մարմիների առաջարկով, որոնց ներկայացուցիչները մասնակցել են քննարկումներին:  «Շահագրգիռ քննակումներ են եղել, հնչել են գոհունակության խոսքեր, նաև արվել են առաջարկներ, որոնք ևս կփորձենք արտացոլել հետազոտություններում: Շահառուներից մի քանիսը, օրինակ ՀՀ ՏՄՊՊՀ-ն և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ իրենց գործունեության մեջ կիրառել են մեր կողմից կատարված հետազոտությունների արդյունքները, ինչը շատ ուրախալի է: Արվածի գլխավոր արժանիքն այն է, որ ակադեմիական միտքը ծառայում է պետական կառավարմանը՝ գիտականորեն հիմնավորված տարրեր ներառելով պետական քաղաքականության մեջ»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Նրա խոսքով, հանրային քննարկումների կազմակերպման նպատակը կենտրոնի իրականացրած հետազոտությունների հանրայնացումն է: «Վերջինս, անշուշտ, նպաստում է ինչպես համալսարանի, այնպես էլ «Ամբերդ»-ի հեղինակության բարձրացմանը»,- ասաց Դավիթ Հախվերդյանը՝ հավելելով, որ շահառուների հետ համագործակցությունը կշարունակվի նաև եկող տարի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին