Միջազգային հավատարմագրում է ստացել ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)» մագիստրոսական կրթական ծրագիրը

21.06.2024
Դիտումների քանակ՝ 1106

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հունիսի 19-ին Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի կողմից (ACCA) միջազգային հավատարմագրում է ստացել նաև ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)» մագիստրոսական կրթական ծրագիրը։

«Հաշվապահական հաշվառում» մագիստրոսական կրթական ծրագրի վերանայման և բարելավման հիմքում Հաշվապահների միջազգային դաշնության միջազգային կրթական ստանդարտների պահանջներն են և մոտ 170 երկրներում ֆինանսների, հաշվառման և աուդիտի ոլորտի թվով 780 000 մասնագետներին միավորող մասնագիտական կառույցի՝ ACCA-ի կրթական ծրագիրը:

Կրթական ծրագիրը դասավանդում են վերապատրաստված ՀՊՏՀ դասախոսները, ինչպես նաև հաշվապահի և աուդիտորի որակավորում ունեցող հրավիրյալ փորձառու մասնագետները:

Մագիստրոսական կրթական ծրագիրը հավատարմագրվել է 4 տարով՝ մինչև 2028 թվականը, ինչը նշանակում է, որ 01․01․2024-31․12․2028 ժամանակաշրջանի՝ ՀՊՏՀ վերոնշյալ մագիստրոսական ծրագրի շրջանավարտները միջազգային որակավորման համար ACCA-ին դիմելիս կազատվեն 7 քննությունից։

ACCA-ն համաշխարհային ճանաչում ունեցող մասնագիտական հաշվապահական կառույց է, որն ամբողջ աշխարհում տրամադրում է միջազգային որակավորում և ապահովում առաջադեմ ստանդարտներ հաշվապահության ոլորտում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն կազմակերպության կողմից միջազգային հավատարմագրում էր ստացել նաև «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» բակալավրիատի կրթական ծրագիրը։