ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում և հարկում» կրթական ծրագիրը միջազգային հավատարմագրում է ստացել

12.06.2024
Դիտումների քանակ՝ 1600

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն արձանագրել է հերթական խոշոր հաջողությունը․ մեր բուհի «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» կրթական ծրագիրը ACCA-ի՝ Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի կողմից ստացել է միջազգային հավատարմագրում։

ՀՊՏՀ-ն ՀՀ բուհերի շրջանակում առաջինն է, որը նախ՝ «Հաշվապահական հաշվառում և հարկում» կրթական ծրագիրն ամբողջությամբ վերանայել է՝ համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների և ապա ստանձնել է հանրապետությունում բուհերի շրջանակում մասնագիտական կրթության զարգացման և միջազգային ճանաչման պատասխանատու գործը։

ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Մնացականյանի խոսքով՝ մեր համալսարանը, հավատարիմ մնալով զարգացման ռազմավարությամբ սահմանված նպատակներին՝ կրթության որակի, միջազգային մրցունակության մակարդակի բարձրացմանը, ձեռնարկել էր «Հաշվապահական հաշվառում և հարկում» կրթական ծրագրի միջազգային՝ ACCA հավատարմագրման գործընթացը, որի արդյունքում ACCA-ի կողմից բավարարվել է ՀՊՏՀ ներկայացրած՝ բակալավրի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման հայտը։

Այսպիսով, ամբիոնի վարիչի պարզաբանմամբ, 01․01․2024-31․12․2028 ժամանակաշրջանի ՀՊՏՀ շրջանավարտները (նշյալ ծրագրի) միջազգային որակավորման համար ACCA-ին դիմելիս կազատվեն 4 քննությունից։

ACCA-ն համաշխարհային ճանաչում ունեցող մասնագիտական հաշվապահական կառույց է, որն ամբողջ աշխարհում տրամադրում է միջազգային որակավորում և ապահովում առաջադեմ ստանդարտներ հաշվապահության ոլորտում: ACCA-ն ներկայումս մոտ 170 երկրներում միավորում է հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի 780 000 մասնագետների: