ՀՊՏՀ շրջանավարտները մրցունակ են. ճեպազրույցներ գործատուների հետ

Դիտումների քանակ՝ 2920

Առևտրային բանկեր, ֆինանսական կազմակերպություններ, ապահովագրական, հեռահաղորդակցային ընկերություններ...այսօր ՀՊՏՀ-ում կայացած Աշխատանքի տոնավաճառում մեկտեղված էին ամենատարբեր գործատուները, որոնք գրավիչ աշխատանքային առաջարկներ էին ներկայացնում նորավարտ տնտեսագետներին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շրջել է գործատուների տաղավարներով և զրուցել նրանց հետ, արձանագրել, թե հատկապես ինչն են կարևորում կադրերի ընտրության հարցում:

«Ֆասթ կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ ՄՌԿ բաժնի ղեկավար Անի Գզողյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջնային են ինչպես մասնագիտական բազային գիտելիքները, այնպես էլ անձնային հատկանիշները՝ ստեղծարարությունը, նպատակասլացությունը, աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը:

«Հայաստանում մենք ունենք 22 մասնաճյուղ, շուրջ 500 աշխատակից, և միշտ կարևորում ենք հատկապես երիտասարդ մասնագետներով մեր թիմի համալրումը: Այնպիսի մասնագետներով, որոնք հանդես կգան թարմ առաջարկություններով, նոր գաղափարներով: Մենք ունենք աշխատակիցներ, ովքեր Տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ են, նրանք աչքի են ընկնում սովորելու, առաջ գնալու մեծ ձգտմամբ, վերլուծական հմտություններով»,-ասաց վարկային կազմակերպության ներկայացուցիչն ու հավելեց, որ դրա վառ օրինակը այսօր իրենց տաղավարը ներկայացնող աշխատակիցներից մեկն է՝ «Ֆասթ կրեդիտ»-ի ՄՌԿ բաժնի աշխատակից Անահիտ Սարոյանը, որը ՀՊՏՀ վիճակագրություն մասնագիտության շրջանավարտ է:

«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության տաղավարը ներկայանում էր #երազանքների թիմ հեշթեգով (պաստառի մակագրությունն էր): Ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավար Մելինե Մուրադյանը նշեց՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը այն եզակի բուհերից է, որ ապահովագրական գործ մասնագիտության գծով ամբիոն ունի և համնապատասխան մասնագետներ է պատրաստում:

«Ճիշտ է, մենք լրացուցիչ վերապատրաստում ենք մեր նոր ընդունված կադրերին, բայց նախընտրելի է, որ մեր աշխտակիցներն ունենան ապահովագրական շուկայի մասին հիմնական գիտելիքներ: Մեզ համար առաջնային է աշխատակցի ներուժը, ինքնազարգացման մոտիվացիան, իսկ ստեղծարար միջավայրը մենք ենք ստեղծում և կարիերայի աճի հնարավորություն ընձեռում: Լավագույն կադրերին համախմբելով՝ մենք ստեղծում ենք երազանքների թիմ»,-հավաստիացրեց հայաստանյան առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի ներկայացուցիչը:

«Հայբիզնեսբանկի», «Բիլայնի» ՄՌԿ բաժնի աշխատակիցներ Ինեսա Վարդանյանը, Անուշ Զորանյանը, Աննա Հարությունյանը նույնպես մեզ հետ զրույցում ընդգծեցին, որ ցանկանում են իրենց թիմը համալրել այնպիսի երիտասարդ մասնագետներով, որոնք առանձնանում են գովելի անձնային հատկանիշներով՝ պատասխանատու են, աշխատասեր, կարողանում են հաճախորդների հետ գրագետ հաղորդակցվել, հեշտությամբ շտկել կոնֆլիկտային իրավիճակները: Դե իհարկե, մասնագիտական գիտելիքն առաջնային է, լեզուների ու համակարգչային իմացությունը՝ ցանկալի:

Աշխատաշուկայում որպես նոր կազմակերպություն հանդես է գալիս «Երեմյան Փրոջեքթսը»: ՀՊՏՀ բակում այն այսօր իր հյուրընկալ տաղավարով էր ներկայանում աշխատանք փնտրողներին:

Կազմակերպությունը միավորում է երևանյան մի շարք հայտնի ռեստորաններ և «Երեմյան» ակադեմիայում պատրաստում է նաև ռեստորանային ոլորտի աշխատողներ: Այն հանդես է գալիս և՛ որպես ուսումնական կենտրոն, և՛ որպես գործատու: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց կազմակերպության մարքեթինգի գծով օգնական Էլինա Ամիրյանը:

Իրավամբ, այս Աշխատանքի տոնավաճառը գործնական հարթակ էր առաջատար ընկերություններում առկա թափուր հաստիքներին, գործատուի պահանջներին ծանոթանալու, աշխատաշուկայի վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու համար:

Սիրելի´ ՀՊՏՀ-ականներ, ամփոփելով մեր ճեպազրույցները, կարող ենք ասել, որ գործատուն ձեզ մրցունակ է համարում, և վստահ ենք՝ ՀՊՏՀ մի խումբ սաներ այսօր առաջին քայլն արեցին դեպի աշխատաշուկա: Մաղթում ենք հաջողություն և հիշեցնում՝ մրցունակ մասնագետի համար միշտ #գործկա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին