Առցանց հասանելի է «Ամբերդ» մատենաշարի 72-րդ թողարկումը

16.07.2024 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 761

Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի նոր հետազոտությունը՝ «Ուսանողների արժեքային կողմնորոշիչները թվային դարաշրջանում» վերտառությամբ։ Էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Վարդան Աթոյանը (հետազոտական խմբի համակարգող), Սոֆյա Օհանյանը (հետազոտական խմբի ղեկավար), Նանե Մովսիսյանը, Վահրամ Հովյանը, Տաթևիկ Ասատրյանը, Մարիամ Թադևոսյանը (հետազոտական խմբի անդամներ):

Հետազոտությունը նվիրված է թվային դարաշրջանի սոցիոմշակութային առանձնահատկություններին և ուսանողների արժեհամակարգի ձևավորման վրա դրանց ազդեցությանը։ Թվայնացումը դիտարկվել է նույնականության նոր մոդելների ձևավորման, ինքնության վերաիմաստավորման, արժեհամակարգային նոր կողմնորոշիչների ստեղծման տեսանկյունից։

Հեղինակներն իրականացրել են ՀՀ բուհերի ուսանողների արժեհամակարգային կողմնորոշիչները վեր հանող հետազոտական աշխատանք, ցույց տվել արժեքային փոխակերպումները թվային ժամանակաշրջանի ազդեցությամբ, մշակել առաջարկություններ նոր սերնդի արժեքային կողմնորոշիչների ձևավորման վրա թվային դարաշրջանի ազդեցությունը փոքր-ինչ մեղմելու ուղղությամբ։

Հետազոտությունը կարող է օգտակար լինել քննարկված հիմնահարցերով զբաղվող մասնագետներին, դասախոսներին, ուսանողներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում են ուսանողների արժեքային կողմնորոշիչների ուսումնասիրության հիմնախնդիրները: