Հետազոտական կենտրոնները՝ հանրային քաղաքականության դերակատարներ. «Ամբերդի» ներկայացուցիչը՝ համաժողովի մասնակից

Դիտումների քանակ՝ 2017

Սեպտեմբերի 14-15-ը Աղվերանում ՀՌԿԿ-Հայաստան կազմակերպությունը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի աջակցությամբ, «ՀԿ ԴեՊո» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հայաստանյան վերլուծական կենտրոնների առաջին համաժողովը, որտեղ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ներկայացրել է տ.գ.թ, դոցենտ Վահե Բուլանիկյանը։ Քննարկումների ժամանակ հատուկ անդրադարձ է եղել նաև մեր համալսարանի հետազոտական կենտրոնի՝ «Ամբերդի» գործունեությանը, համաշխարհային վարկանիշ ձեռք բերելու հարցում նրա առաջավոր փորձին ։

Ինչպես հայտնում է Վահե Բուլանիկյանը, համաժողովի հիմնական նպատակը հետազոտական կազմակերպությունների կարողությունների զարգացումն ու հզորացումն էր՝ հանրային քաղաքականությանն ուղղված կիրառական հետազոտական ծառայությունների շուկայի, ֆոնդահայթայթման միտումների, կազմակերպչական և զարգացման կարիքների բացահայտումը։

Համաժողովի ընթացքում, բացի հիմնական զեկույցներից, կազմակերպվել է նաև գործնական աշխատանք, որի շրջանակներում վեր են հանվել հետազոտական, վերլուծական կենտրոնների հիմնական խնդիրները, տեսլականները և ծառացած խնդիրների լուծման ճանապարհները։

Միջոցառման խոսնակը՝ ՀՌԿԿ-Հայաստան կազմակերպության հետազոտությունների և զարգացման տնօրեն Հեղինե Մանասյանը, ընդգծել է, որ արդյունավետության նպատակով համաժողովին հրավիրվել են մասնավոր, պետական, համալսարանական հետազոտական կենտրոնների մասնագետներ, ինչպես նաև բիզնեսը, ՀԿ-ները ներկայացնող կառույցներ։ Հատկապես հետաքրքրական էին համալսարանական հետազոտությունների մասին զեկույցները։ Իրենց փորձով և առաջարկներով կիսվել են ՀԱՀ բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս Արթուր Խալաթյանը, ՀԱՀ «Հակոբյան» կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, մասնավոր բիզնեսի հետազոտական լավագույն օրինակը ներկայացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի խորհրդական Տիգրան Ջրբաշյանը։

Միջոցառումն ավարտվել է մասնակիցների կողմից համապատասխան հռչակագրի ընդունմամբ, համաձայն որի՝ անհրաժեշտ է ստեղծել հայաստանյան հետազոտական, վերլուծական կենտրոնների միասնական հարթակ և լուծել համակարգային բոլոր խնդիրները։ Նախատեսվում է պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ՝ համատեղ ծրագրերի իրագործման նպատակով։

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Վահե Բուլանիկյանը, անդրադառնալով համաժողովի արդյունքներին, նշեց, որ հատկապես կարևոր է համատեղ հռչակագրի ընդունումը, որով նախատեսվում է սահմանել հետազոտական կենտրոնների գործունեության մի քանի հիմնարարար կետեր, որոնք ոչ միայն կբարձրացնեն մեր երկրի հետազոտական կենտրոնների արդյունավետությունը, այլև հնարավորություն կստեղծեն՝ նրանց ներգրավելու պետականաշինության գործընթացում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին