«Կորպորատիվ ֆինանսներ» ծրագրի բարեփոխման ճանապարհով. ՀՊՏՀ-ում կայացավ ՐԻՖԱՅՆ-ի աշխատաժողովը (լուսանկարներ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այսօր հյուրընկալեց Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանի ներկայացուցիչներ Ռիչարդ Պիրչերին, Յոհաննես Վետզինգերին, Կոշիցեի տեխնոլոգիական համալսարանից՝ Նատասա Ուրբանցիկովային, Օտո Հուդեցին, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի համակարգող Լանա Կառլովային (ազգային գրասենյակ), Հայ-ռուսական համալսարանի մեր գործընկերներին. տեղի ունեցավ Եվրամիության հովանու ներքո իրականացվող «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) ծրագրի աշխատաժողովը, որը մասնակիցների երկամյա աշխատանքի ամփոփումն էր, արդյունքների հանրայնացումը:
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ծրագիրը ՀՊՏՀ-ում համակարգող արտաքին կապերի դեպարտամենտի պետ Լուսինե Դանիելյանը, միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը, ծրագրում ընդգրկված (կատարողներ) պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ողջունեց ՀՊՏՀ արտասահմանյան գործընկերներին, ապա ընդգծեց, որ ՐԻՖԱՅՆ-ը մեր համալսարանի համար առանձնահատուկ կարևոր ծրագիր է, որի հիմքում կրթության որակի բարձրացման հարցն է: Բուհի ղեկավարը նշեց, որ ՀՊՏՀ-ն որդեգրել է ընդգրկուն բարեփոխումների քաղաքականություն և միջազգային ծրագրերում ներառվելը դրա կարևոր ուղղություններից է: Դիանա Գալոյանը շարունակական և բեղմնավոր համագործակցություն մաղթեց ՐԻՖԱՅՆ-ի շահառուներին:
Լանա Կառլովան ևս հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ միջազգային ծրագրերի շրջանակում բուհերի փոխգործակցությունն էական դերակատարում ունի կրթության որակի բարելավման գործում և հույս հայտնեց, որ օտարերկրյա և հայ ակադեմիական շրջանակների միջև փորձի փոխանակումը կշարունակվի նաև ծրագրի ավարտից հետո:
Աշխատաժողովը մեկնարկեց զեկուցումներով: Յոհաննես Ոետզինգերը ընդհանրական ակնարկ ներկայացրեց ՐԻՖԱՅՆ ծրագրի մասին՝ անդրադառնալով ծրագրի նպատակներին, շահառուներին, իրականացման սկզբունքներին և այլն: Արտասահմանցի մյուս փորձագետները՝ Նատասա Ուրբանցիկովային և Օտո Հուդեցին ներկայացրին ծրագրի շրջանակում նախատեսվող բարեփոխումների ուղիները: Թեման շարունակեցին Վանինե Երանոսյանը (ՀՊՏՀ), Հայ-ռուսական համալսարանի աշխատակից Անի Գալստյանը՝ համապատասխանաբար ներկայացնելով երկու բուհերի «Կորպորատիվ ֆինանսներ» ծրագրի բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքը: Ծրագրի շրջանակում ուսումնական պլանի բարեփոխումների մասով ներածական խոսք ասաց Ռիչարդ Պիրչերը, ապա Էդգար Աղաբեկյանը (ՀՊՏՀ) և Մարիամ Ոսկանյանը (ՀՌՀ) զեկուցեցին իրենց բուհերում այս համատեքստում իրականացվող աշխատանքի արդյունքը:
Դասընթացների զարգացման ուղղությամբ աշխատանքի արդյունքների մասին Նատասա Ուրբանիչկովայի ներածական խոսքից հետո զեկուցեցին Սրբուհի Իսրայելյանը (ՀՊՏՀ) և Անի Գալստյանը (ՀՌՀ):
Վերապատրաստման ծրագրերի մասով զեկուցումներ կարդացին Գայանե Հարությունյանը (ՀՊՏՀ), Մարիամ Ոսկանյանը (ՀՌՀ), փորձագիտական դիտարկումներով հանդես եկավ Ռիչարդ Պիրչերը:
Աշխատաժողովի ավարտին հայ և օտարերկրացի գործընկերները պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել գործակցությունը՝ ծրագրում ցանկալի վերջնարդյունք ստանալու համար:
Նշենք, որ ՐԻՖԱՅՆ-ը եռամյա (2017-2020) ծրագիր է, որը ՀՊՏՀ-ում համակարգում է միջազգային կապերի բաժինը: Ծրագրի մասին ավելին՝ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին