«Ամբերդի» ներկայացուցիչը մասնակցել է Վարշավայում անցկացվող միջազգային գիտակրթական ծրագրի

Դիտումների քանակ՝ 2581

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը մասնակցել է ս.թ. հուլիսի 7-ից 17-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող Եվրաատլանտյան ամառային ակադեմիային (Warsaw Euro-Atlantic Summer Academy-WEASA): Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց Վարդան Աթոյանը՝ միջազգային գիտակրթական ծրագրի կազմակերպիչներն են եղել Եվրոպայի քոլեջը (College of Europe), ԱՄՆ գերմանական Մարշալի հիմնադրամը (German Marshall Fund of the United States) և Լեհ-ամերիկյան ազատության հիմնադրամը (Polish-American Freedom Foundation): Միջոցառման աջակիցն էր Լեհ-ամերիկյան Ֆուլբրայթի հանձնաժողովը (Polish-U.S. Fulbright Commission): Միջազգային ծրագրի մասնակիցները, որոնց աշխարհագրությունը ընդգրկում էր եվրոպական ավելի քան 10 երկիր, ընտրվել էին մրցակցային հիմունքներով: Մասնակիցները իրենց երկրների օրենսդիր և գործադիր իշխանության, ակադեմիական ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ էին: Գիտակրթական ծրագիրն ընդգրկել է միջազգայնորեն ճանաչված առաջատար փորձագետների կողմից անցկացվող դասախոսություններ, տեսական և գործնական պարապմունքներ, թեմատիկ և ոլորտային քննարկումներ՝ մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունների, կեղծ լուրերի (fake news), արհեստական բանականության և ալգորիթմերի, սոցիալական մեդիայի հիմնախնդիրների, մեդիագրագիտության, ժամանակակից լրագրության, բաց աղբյուրների հետազոտության, անձնական տվյալների պաշտպանության և թվային անվտանգության թեմաները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին