«Ամբերդ» հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը մասնակցել է կլիմայի փոփոխության ռիսկերի կառավարմանը նվիրված աշխատաժողովի

Դիտումների քանակ՝ 2007

«Կլիմայի կանաչ հիմնադրամը», ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ Տավուշի մարզպետարանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակը դեկտեմբերի 4-ին Դիլիջան քաղաքում կազմակերպել են աշխատաժողով «Կլիմայի փոփոխության ռիսկերի կառավարումը՝ ազգային հարմարվողականության գործողությունների հիմքում» խորագրով:

Ինչպես հայտնում են կենտրոնից, աշխատաժողովին հրավիրվել և «Կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսության խոցելիությունը» զեկուցումով հանդես է եկել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը:

«Բոլոր կանխատեսումները ցույց են տալիս, որ կլիմայի գլոբալ փոփոխությունն անխուսափելի է: Գիտնականների մի խումբ դա կապում է մարդկային գործոնի, իսկ մյուսը ` տիեզերական էվոլյուցիայի և Երկրի առանցքի ցիկլային տեղաշարժերի հետ: Բոլոր դեպքերում կանխատեսվում է սառցադաշտերի հալոցք և ծովի մակարդակի բարձրացում: Այսինքն՝ մարդկության միգրացիան ցածրադիր վայրերից դեպի լեռնային բարձրություններ կարող է անխուսափելի լինել: Բայց ավելի տեսանելի է կլիմայի փոփոխության ազդեցությունը տնտեսության տարբեր հատվածների վրա: Այս տեսանկյունից հատկապես մեծ է գյուղատնտեսության խոցելիությունը: Եթե հարմարվողականության միջոցառումներ չիրականացվեն, ապա մինչև 2100 թվականը կլիմայի սպասվող փոփոխության հետևանքով hացազգիների բերքատվությունը միջին հաշվով կկրճատվի 9-13%-ով, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 7-14%-ով, կարտոֆիլինը` 8-10%-ով, և պտղատու մշակաբույսերինը՝ 5-8%-ով»,- զեկուցումը մանրամասնում է Սամվել Ավետիսյանը:

Պրոֆեսորի խոսքով, կանխատեսվող ջերմաստիճանի բարձրացման և տեղումների նվազման դեպքում պետք է սպասել անապատացման պրոցեսների արագացում: «Ավելին, կանխատեսվում է մերձալպյան և ալպյան գոտու առավել արժեքավոր արոտավայրերի մակերեսների կրճատում՝ 19-22%-ով»,- համոզված է Սամվել Ավետիսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին