«Հայերենով զինված և հանուն հայերենի» կարգախոսով միջոցառում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1799

ՀՊՏՀ-ում մայրենիին նվիրված միջոցառումների շարքում այսօր տեղի ունեցավ հերթական նախաձեռնությունը: ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս Լիլիթ Հակոբյանը կառավարման առկա բակալավրիատի 3-րդ կուրսում կազմակերպել էր «Հայերենով զինված և հանուն հայերենի» կարգախոսով միջոցառում, որին ներկա էին լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.դ. Լուսինե Հարությունյանը և դասախոս Աննա Երկանյանը:

Միջոցառումն սկսվեց «Ճիշտ խոսենք և գրենք» ինտերակտիվ խաղով: Ուսանողներ Յանա Պետրոսյանը և Աշխեն Հակոբյանը լուսանկարային խոսուն շարքերով ներկայացրեցին 15-20 լեզվական սխալ կառույցներ, ապա նաև՝ դրանց գործածության ճիշտ եղանակները: Այնուհետև առաջադրվեցին վարժություններ, որոնք ստուգում էին, թե լսարանը որքանով է յուրացրել ներկայացված գիտելիքը: Միջոցառման երկրորդ հատվածում ներկայացվեցին գիրքը կամ մայրենին գովազդող տեսահոլովակներ:

Լիլիթ Հակոբյանը asue.am-ի հետ զրույցում նշեց, որ շուտով մրցութային եղանակով կընտրվեն հոլովակները և կներկայացվեն ավելի լայն լսարանին: «Մեր նպատակը, ինչպես արդեն հայտարարել ենք, մայրենի լեզվի արժևորումն է, որին միտված կլինեն մեր առաջիկա նախաձեռնությունները ևս: Առջևում ժամանակակից գրողների հետ հանդիպումների շարքն է»,- ասաց դասախոսը:

Այս թեմայով մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին