Հերթական նոր մագիստրոսական ծրագիրը ՀՊՏՀ-ում. «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում»

Դիտումների քանակ՝ 2540

Սիրելի դիմորդներ, ինչպես արդեն հաղորդել ենք, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գալիք՝ 2020-2021 ուսումնական տարվանից կներդրվեն մագիստրոսական նոր ծրագրեր՝ նոր ձևաչափով և բովանդակությամբ, որոնք կիրականացվեն աշխատաշուկայի խոշոր կազմակերպությունների հետ համատեղ: Այսօր ներկայացնում ենք այդ նոր մագիստրոսական ծրագրերից երկրորդը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում»:

Այս ծրագրի հիմքը դրվել է 2019թ նոյեմբերի 11-ին եռակողմ համագործակցության հուշագրի  ստորագրմամբ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՀ տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից «Արփինետ» ընկերության և ՀՀ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող Հայաստանի օպերատորների միության միջև։ Համաձայն այդ հուշագրի, նոր կրթական ծրագիրը նպատակ ունի ապահովելու արդյունավետ համագործակցություն ՏՏ ոլորտի ընկերությունների հետ ինչպես կրթական գործընթացի կազմակերպման, այնպես էլ ծրագրի շրջանավարտների հետ հետագա համագործակցության առումով։ Կիրառելով ՀՊՏՀ փորձը, առկա ռեսուրսները և մագիստրոսական կրթության կազմակերպման ՀՊՏՀ-ում ձևավորված նոր մոտեցումները՝ ՏՏ ընկերությունները, բջջային օպերատորները ծրագրի շրջանակներում կմասնակցեն նորագույն պահանջներին համապատասխան մասնագետների ձևավորման գործընթացին։

Նոր մագիստրոսական ծրագիրը կիրականացվի

  • ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի գործատուների հետ համատեղ
  • 1,5 տարի ժամկետով
  • Ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ
  • Նորագույն դասավանդման մեթոդների կիրառմամբ
  • Շաբաթական երեք անգամ
  • Երեկոյան ժամը 18:00-ից հետո
  • Դասընթացների ընթացքում կամ անմիջապես հետո գործատու կազմակերպություններում փորձառության անցկացմամբ

Սիրելի դիմորդներ, ծրագրի մանրամասներն ամբողջ տարի հասանելի կլինեն ձեզ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Դիմորդ» բաժնում: Այժմ ծանոթացեք «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագրի մանրամասներին այստեղ:

Նախորդ ծրագրի՝ «Բանկային գործունեության կազմակերպում» մագիստրոսական ծրագրի մանրամասներին ծանոթացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին