Հակակոռուպցիոն կրթությունը՝ հրամայական․ Տնտեսագիտական բուհն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համագործակցության օրակարգ են ձևավորել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարևորելով հակակոռուպցիոն կրթությունն ու այդ համատեքստում՝ ոլորտի համար լավագույն կադրերի պատրաստումը, համագործակցության օրակարգ են ձևավորել։ Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Կարևորելով Տնտեսագիտական մայր բուհի համագործակցության հնարավորությունները արտաքին գործընկերների, հատկապես՝ պետական կառույցների հետ՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շեշտեց, որ ցանկացած համագործակցություն բուհը փորձում է իրականացնել առաջին հերթին ի շահ ուսանողների, հատկապես, որ հակակոռուպցիոն կրթությունը ժամանակի հրամայականն է․ «Համագործակցության շրջանակները մեր ակադեմիական ազատության ոլորտում են։ Լինելով պետական բուհ՝ Տնտեսագիտական համալսարանը կադրեր է պատրաստում առաջին հերթին պետական կառույցների համար, թեև մեր բուհը սերտ կապեր ունի նաև մասնավոր ոլորտի խոշոր կազմակերպությունների հետ։ Հուսով եմ, որ այս հուշագրի ստորագրումը հնարավորություն կտա ավելացնելու մեր այն ուսանողների թիվը, որոնք ուսումնաարտադրական և գիտահետազոտական իրենց պրակտիկան կանցնեն hանձնաժողովում և կհանդիսանան ձեր աշխատակիցները, ասել է թե՝ դուք ձեր կազմն ընդլայնելու հնարավորություն կունենաք Տնտեսագիտական համալսարանի լավագույն ուսանողների հաշվին։ Համոզված եմ, որ այն, ինչն ամրագրվել է այս փաստաթղթում, մոտ ապագայում կյանքի է կոչվելու»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հավաստեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հարկավոր են մասնագիտական համապատասխան կրթությամբ նպատակասլաց և բանիմաց մասնագետներ, որոնք օժտված կլինեն վերլուծական հմտություններով և կունենան հակակոռուպցիոն ոլորտում աշխատելու մեծ մոտիվացվածություն։
«Ակնկալում ենք, որ այս համագործակցությունն արդյունավետ կլինի։ Դուք առաջինն եք ՀՀ բուհական համակարգում, որի հետ կառուցում ենք մեր համագործակցությունը և հուսով ենք, որ ձեր օրինակը վարակիչ կլինի կրթական մյուս հաստատությունների համար ևս»,- նշեց Հայկուհի Հարությունյանը։
Փաստաթղթի ստորագրումից հետո կողմերն առարկայական քննարկում ունեցան, որին մասնակցեցին նաև ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ Արամայիս Փաշինյանը, Լիլիթ Ալեքսանյանը, Մարիամ Գալստյանն ու Նարեկ Համբարձումյանը։
Դիանա Գալոյանը հավաստիացրեց, որ Տնտեսագիտական բուհը պատրաստ է քննարկել և մշակել հակակոռուպցիոն առարկայական ծրագիր ուսանողների համար և հանձնաժողովի անդամներին ներգրավել որպես դասախոսներ։ Նման նախադեպ ՀՊՏՀ-ն արդեն ունի․ դեռ նախորդ տարի Տնտեսագիտական բուհի ուսումնական ծրագրում ներդրվել է «Ներգրավված քաղաքացի» առարկան, որը բավականին արդյունավետ ընթացք ունի։
Հանդիպման ավարտին ռեկտորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին հրավիրեց մասնակցելու հոկտեմբերի 8-ին ՀՊՏՀ-ում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ անցկացվող Աշխատանքի տոնավաճառին, որտեղ Հանձնաժողովի անդամները կունենան առանձին տաղավար և հնարավորություն՝ ներկայացնելու կազմակերպությունն ու թափուր աշխատատեղերը։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին