Արշակ Վարդապետյան․ մեծ մտավորականի մեկդարյա հոբելյանին

18.02.2023
Դիտումների քանակ՝ 1463

Գիտության ու մանկավարժության նվիրյալ մտավորականների մի քանի սերունդ իր մեծ ավանդով կերտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կայացման ճանապարհը՝ ձևավորելով ու փոխանցելով ակադեմիական կրթօջախի ավանդույթներ, մասնագիտական ու մարդկային բարձր արժեքներ։

Մենք չենք մոռանում մեր նվիրյալներին և հատկապես այն գիտնական-մանկավարժներին, որոնք հեռավոր 1975 թվականին դարձան նորաստեղծ ԵրԺՏԻ-ի (այժմ՝ ՀՊՏՀ) հիմնասյուները և իրենց վաստակած հեղինակությունը ծառայեցրին բուհի առաջընթացին։

Այդպիսի վառ անհատականություններից էր 1975-1988 թթ․ մեր համալսարանի ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Վարդի Վարդապետյանը, մարդ, ով սովորելով, զարգանալով ու պայքարելով անցել էր կյանքի քառուղիներով, պահպանել մտքի ուժն ու հոգու վեհությունը և իր ապրած տարիները նվիրաբերել սերունդների կրթությանն ու դաստիարակությանը, գիտության զարգացմանը։

Արշակ Վարդապետյանի կենսագրությունը սկիզբ է առնում Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղից, որտեղ և ծնվել է 1923 թվականի փետրվարի 18-ին։ 1940-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որը 1990 թվականից կոչվում է նրա անունով, ապա ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Հայրենական պատերազմն սկսվելուն պես զորակոչվել է բանակ, 1945-ին վիրավորվել և զորացրվել։

1946 թվականից շարունակել է ուսումը ԵՊՀ-ում, 1948-1949 թթ․ աշխատել է ԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմում, 1949-ին տեղափոխվել Կիրովական (այժմ՝ Վանաձոր) և աշխատել որպես դպրոցի տնօրեն։

1953-1956 թթ․ եղել է ԵՊՀ ասպիրանտ, այնուհետև պաշտպանել թեկնածուական, 1967-ին՝ դոկտորական ատենախոսությունը, ստացել դոցենտի, ապա պրոֆեսորի կոչում։ Մինչև 1975 թվականը Հայաստանի մայր բուհում կատարել է դասախոսական աշխատանք, միաժամանակ ղեկավարել ԵՊՀ միացյալ արհմիութենական կոմիտեն։

Այնուհետև՝ տասներեք տարի շարունակ, պրոֆեսորն իր գիտամանկավարժական գործունեությունը սերտորեն կապել է Տնտեսագիտական մայր բուհի հետ․ բեղմնավոր գրչով հեղինակել է շուրջ 200 աշխատություն, ճանապարհ հարթել երիտասարդ գիտնականների համար, իր ղեկավարած ամբիոնում ձևավորել ստեղծագործական ու ջերմ մթնոլորտ, եղել է սրտառուչ, հոգեհարազատ գործընկեր և խորհրդատու։ Ուշագրավ են պրոֆեսորի՝ ռազմական գիտության և արվեստի պատմության հիմնահարցեր շոշափող ուսումնասիրությունները, որոնց շարքում առանձնանում են Ծովակալ Իսակովի ժառանգությանը նվիրված գիրքը, ինչպես նաև Սուրեն Սպանդարյանի մասին մենագրությունը։

Արգասաբեր գործունեության համար Արշակ Վարդապետյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով։

Այսօր, 100-ամյա հոբելյանի առիթով, մեր խոնարհումն ենք նվիրաբերում մեծ մտավորականի հիշատակին, դասեր քաղում և կենդանի պահում մեր անցյալը։