«Վստահ եմ՝ դուք տեխնոլոգիական լուծումների հզոր ներուժ ունեք»․ ՀՊՏՀ-ում էր ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը
Ինչպես զարգացնել տեխնոլոգիական հմտությունները, ինչպես ստեղծել սեփական ստարտափ ու մուտք գործել ՏՏ ոլորտ․ այս հարցերի պատասխանները Տնտեսագիտական մայր բուհի ուսանողներն այսօր հնարավորություն ունեցան ստանալու անձամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանից, ով ՀՊՏՀ-ում էր՝ ներկայացնելու «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրը։ Ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԲՏԱ նախարարությունը։ Նպատակը բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարից մինչև հասունության փուլում գտնվող պրոդուկտների առաջխաղացմանը ֆինանսավորման միջոցով աջակցելն է։
Ներկայացնելով փոխնախարարին և անդրադառնալով ծրագրի կարևորությանը՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց՝ բիզնես գաղափարներին միս ու արյուն տալու գործում մեծ է պետության դերակատարությունը, և ուսանողները պետք է օգտվեն ընձեռված հնարավորությունից։ «Պետք է օգտագործել սովորելու, ստեղծագործ մտածողությունը զարգացնելու, ՏՏ հմտություններով զինվելու բոլոր հնարավորությունները։ Այս տեսանկյունից, «Գաղափարից մինչև բիզնես» ծրագիրը կարող է ռուբիկոն լինել և որոշիչ դեր խաղալ տեխնոլոգիաներով հետաքրքրված ուսանողների համար։ Ձեզնից պահանջվում է նորարարություն, կրեատիվություն և, իհարկե, ցանկություն, ու հավատացեք՝ ձեր առջև նորանոր դռներ կբացվեն»,- ասաց Դիանա Գալոյանը։
Ստարտափի հաջողության որոշ գաղտնիքներ փոխնախարարն իր խոսքում, այնուամենայնիվ, բացահայտեց։ Ապագա բիզնեսմեններին խորհուրդ տվեց իրենց գաղափարները մշակելիս առաջնորդվել մի քանի հիմնական սկզբունքով, օրինակ՝ որ ստարտափ լուծումներն անպայման ունենան գիտական հիմք, որ մշակեն այնպիսի գաղափար, որը լավագույնս կծառայի հասարակությանը և այլն, ապա խոսեց ստարտափ գաղափարները բիզնեսի վերածելու հեռանկարներից՝ վստահեցնելով՝ հայաստանյան տեխնոլոգիական շարժման մի մասնիկը կարող է լինել դահլիճում նստած ուսանողներից յուրաքանչյուրը, ով կունենա նոր գաղափարներ և այդ գաղափարները բիզնեսի վերածելու վճռականություն: «Վստահ եմ՝ դուք տեխնոլոգիական լուծումների հզոր ներուժ ունեք։ Ուրեմն՝ մտածե՛ք, եկե՛ք, մասնակցե՛ք մեր ծրագրերին։ Ձեզ կանաչ ճանապարհ դեպի բիզնես»,- ասաց փոխնախարարը։
Սեփական օրինակով ուսանողներին մոտիվացնելու և «Ամազոնի» ինովացիոն մշակույթին ծանոթացնելու նպատակով ՀՊՏՀ-ում էր նաև բուհի շրջանավարտ, այժմ՝ «Ամազոնի» աշխատակից Տաթևիկ Հովհաննիսյանը, ով խոսեց ընկերության հաջողության և նորաստեղծությունների մասին։