ՀՊՏՀ-ն՝ միջազգային տնտեսական համաժողովի պանելային քննարկման մասնակից և նորաստեղծ ԱՊՀ համալսարանների ասոցիացիայի անդամ

20.06.2023
Դիտումների քանակ՝ 1403

Ս․թ․ հունիսի 14-ին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի հարթակում Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանը (ՍՊՊՏՀ) կազմակերպել էր պանելային քննարկում՝ «ԱՊՀ երկրների արդյունաբերական-նորարարական ներուժի իրացումը․ համալսարանական համայնքի դերակատարությունը» թեմայով։

Պանելային քննարկումը վարում էր ՍՊՊՏՀ ռեկտոր Իգոր Մաքսիմցևը։ Որպես խոսնակ հանդես են եկել ԱՊՀ երկրների և մի շարք ռուսաստանյան բուհերի ռեկտորներ։ ՀՊՏՀ-ն այդ քննարկմանը ներկայացրել և զեկուցմամբ է հանդես եկել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը։

Քննարկման հիմնական նպատակը ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման խնդիրների լուծման նպատակով միջպետական և միջբուհական նախագծային թիմերի և ընդհանուր տեսլականի ձևավորումն էր։ Պանելային քննարկումից հետո ստորագրվել է Կայուն տնտեսական զարգացման հարցերով ԱՊՀ համալսարանների ասոցիացիայի ստեղծման մասին հուշագիր։ ՀՊՏՀ-ն գործուն մասնակցություն է ունեցել Ասոցիացիայի ստեղծման և հուշագրի ստորագրման գործում։

Դավիթ Հախվերդյանի խոսքով՝ հուշագրի ստորագրմանը կհետևեն կոնկրետ քայլեր ԱՊՀ համալսարանական համայնքի միասնական մոտեցումների ձևավորման, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների որակի բարձրացման ու միջազգայնացման, ինչպես նաև համատեղ գիտակրթական միջոցառումների ակտիվացման ուղղությամբ: