ՀՊՏՀ-ն հայաստանյան ամենամրցունակ բուհերի հնգյակում 2-րդն է. հայտագրվել է 1323 դիմորդ
ՀՀ բուհերի առկա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության 1-ին փուլը մայիսի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ ավարտված է։
Ուրախ ենք հայտնել, որ Հայաստանի Տնտեսագիտական մայր համալսարանը ամենամրցունակ բուհերի հնգյակում է՝ դիմորդների թվով 2-րդը:
Ինչպես հայտնում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը, 1-ին փուլի արդյունքով, ժամը 18.00-ի դրությամբ 1244 տեղի համար ունենք 1323 դիմորդ, ինչը ևս մեկ ապացույց է մեր համալսարանի բարձր վարկանիշի և ՀՊՏՀ բակալավրական կրթական ծրագրերի նկատմամբ դիմորդների նախընտրության: Եվ սա դեռ սկիզբն է, առջևում նոր համալրումներ են։ Մեր դիմորդներին մաղթում ենք հաջողություն, քննական բարձր արդյունքներ։
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 26-ից հուլիսի 1-ը կազմակերպվելու է դիմումների ընդունման 2-րդ փուլը, որի հիմնական մասնակիցներն են օտարերկրացիները, քոլեջների շրջանավարտները և հարգելի պատճառով 1-ին փուլում չհայտագրված դիմորդները, ինչպես նաև ամառային զորակոչին զորացրվող զինծառայողները, իսկ հուլիսի 19-ից հուլիսի 26-ը կկազմակերպվի մրցույթի 2-րդ փուլը՝ թափուր տեղերի համար։ Այս մասին լրացուցիչ կհայտարարենք ՀՊՏՀ պաշտոնական կայքում։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին