Դասախոսություն գենդերային իրավահավասարության թեմայով. բանախոսն էր իրավաբան, ՄԱԿ-ի փորձագետ Եկատերինա Իլիկչիևան

11.05.2021
Դիտումների քանակ՝ 1009

Այսօր մեր համալսարանում էր գործընկեր բուհի՝ Ուկրաինայի Վադիմ Հեթմանի անվան Կիևի ազգային տնտեսագիտական համալսարանի դասախոս, ի.գ.թ., փաստաբան և ՄԱԿ-ի փորձագետ Եկատերինա Իլիկչիևան։ Հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության 2-րդ կուրսում «Իրավագիտության» դասաժամին նա ելույթ ունեցավ «Ուկրաինայում գենդերային հավասարության քաղաքականությունը» թեմայով։ Ընդհանուր առմամբ, դասախոսությունն անդրադարձ էր ոչ միայն Ուկրաինայում, այլև աշխարհում կանանց և տղամարդկանց իրավունքների համեմատությանը, պաշտպանությանը և երկու սեռերի միջև իրավահավասարության հասնելու ջանքերին, նրանց իրավունքներն ամրագրող միջազգային նորմերին ու փաստաթղթերին։

Եկատերինա Իլիկչիևան դիտարկեց աշխատանքային, ներընտանեկան, քաղաքական և հասարակական կյանքում հանդիպող մի շարք դեպքեր, որտեղ բախվում են կին-տղամարդ փոխհարաբերություններն ու իրավունքները, ապա ներկայացրեց դրանց իրավական կարգավորման սկզբունքները։ Ուշագրավ էր նաև հասարակության մեջ ընդունված կարծրատիպերին անդրադարձը:

Դասախոսությունն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով, հարցեր ներկայացրին ինչպես ուսանողները, այնպես էլ դասախոսները։

Ներկա էին հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Վարդան Աթոյանը, դոցենտներ Գառնիկ Սուքիասյանը և Նազելի Սուքիասյանը, միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին