ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ԶԼՄ-ների հետ համագործակցելու նպատակով փորձագիտական խումբ է ձևավորել

Դիտումների քանակ՝ 2410

Զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցությունը սերտացնելու նպատակով ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ձևավորել է փորձագիտական խումբ:

Հետազոտական թեմաներն և ուղղությունները վերաբերում են տնտեսության ամենալայն շրջանակին, այդ թվում՝ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, դրանց վարքագծին ու դինամիկային, ՀՀ և միջազգային ֆինանսական շուկաներին, հարկաբյուջետային քաղաքականությանը, համաշխարհային ապրանքային շուկաներին և ՀՀ սպառողական գներին, ՀՀ ագրարային քաղաքականությանը, սոցիալական ոլորտին, կրթությանը, նորարարությանն ու ուղեղային կենտրոններին, արտաքին հատվածին և այլն:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում կենտրոնի նախաձեռնությունը մեկնաբանեց այսպես. «Կենտրոնի առաջմղումը պահանջում է ԶԼՄ-ների հետ համագործակցության ակտիվացում: Ընդ որում, խոսքը տվյալ պարագայում ավելի շատ կվերաբերի ոչ թե ակադեմիական, այլ առավելապես գիտահանրամատչելի վերլուծություններին և հարցազրույցներին: Վերոնշյալի նպատակը լսարանի կտրուկ ավելացումն ու կենտրոնի ճանաչելիության բարձրացումն է, որն, ըստ էության, ճանապարհ կհարթի համագործակցության հետագա ձևաչափերի համար, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի և գործարար շրջանակների հետ»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին