ՀՊՏՀ-ն և «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն շարունակում են արդյունավետ համագործակցությունը․ հանձնվեցին այս տարվա կրթաթոշակների հավաստագրերը

17.12.2021
Դիտումների քանակ՝ 853

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը, 2009 թվականից սկսած, արդյունավետ համագործակցում են, ինչի վկայությունն է ՀՊՏՀ ուսանողների հետաքրքրվածությունը ընկերության ծրագրերով։ Այդ համագործակցության շրջանակներում ՀՊՏՀ լավագույն ուսանողներին ամեն տարի ընկերությունը տրամադրում է կրթաթոշակներ։

2021-2022 ուսումնական տարվա կրթաթոշակների հավաստագրերի հանձնումը տեղի ունեցավ այսօր։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աշոտ Մարդոյանի ուղեկցությամբ, հյուրընկալեց «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբատցյանին, անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանին և կրթաթոշակի արժանացած ուսանողներին՝ ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Նունե Գևորգյանին, նույն ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Ալլա Հարությունյանին և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսեցի Լիլիթ Միքայելյանին։

ՀՊՏՀ ռեկտորը ողջունեց ներկաներին՝ ուրախություն հայտնելով արդյունավետ ընթացող համագործակցության կապակցությամբ, ապա նշեց, որ ապահովագրության ոլորտում որակյալ կադրերի պահանջարկը մեծ է, և այդ համատեքստում ապահովագրական ոլորտի հեղինակավոր ընկերությունների հետ ՀՊՏՀ համագործակցությունը միտված է մրցունակ կադրերի պատրաստմանը։ Դիանա Գալոյանը շեշտեց փոխգործակցության խորացման պատրաստակամությունը և ընդգծեց, որ այն կնպաստի ապահովագրական ոլորտի զարգացմանը։ Բուհի ղեկավարը ընկերության ներկայացուցիչներին առաջարկեց նաև բաց դասերի, վերապատրաստումների և շնորհանդեսների միջոցով շարունակել ՀՊՏՀ ուսանողներին ընկերության գործունեությունն ու ծրագրերը ներկայացնելը՝ միաժամանակ նկատելով, որ ՀՊՏՀ ավարտական կուրսերի ուսանողների զգալի մասն աշխատում է լավագույն ընկերություններում ու պետական կառույցներում։

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբատցյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց ռեկտոր Դիանա Գալոյանին՝ ընդգծելով, որ 2009 թվականից սկսված գործընկերության շրջանակներում ՀՊՏՀ 18 ուսանող ստացել է ընկերության կրթաթոշակ, իսկ հետագայում նրանց մեծ մասը համալրել է ապահովագրական ընկերության աշխատակիցների շարքերը։ Ընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանն էլ հավելեց, որ ամենամյա կրթաթոշակների տրամադրմամբ ոչ միայն ցանկանում են նյութական աջակցություն ցուցաբերել ուսանողներին, այլև հնարավորություն տալ ծանոթանալու ընկերության գործունեությանը, ընդգրկվելու պրակտիկ աշխատանքներում։ Ընկերության ներկայացուցիչները երկկողմ համագործակցության կայացման գործում ընդգծեցին համար բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աշոտ Մարդոյանի դերակատարումը։

Աշոտ Մարդոյանը մեզ հայտնեց, որ կրթաթոշակը տրամադրվում է 1 ուսումնական տարի, կազմում է 250000 դրամ։ Բացի այդ, ամբիոնի ղեկավարի խոսքով, կրթաթոշակակիր ուսանողները այս շաբաթվանից նաև հնարավորություն կտանան մասնակցելու ընկերությունում կազմակերպվող մասնագիտական վերապատրաստման դասընթացներին։