ՀՊՏՀ-ականները՝ բեռլինյան սեմինարների մասնակից

17.12.2021
Դիտումների քանակ՝ 916

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպության միջև ձևավորված համագործակցության արդյունավետ ընթացքը հարստացավ ևս մեկ իրադարձությամբ: Օրերս Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի կազմակերպած «Ընտրություն կատարելու կարևորությունը» (It՚s about choice) խորագրով սեմինարին մասնակցել են ՀՊՏՀ ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ինեսա Մարդոյանը և մաքսային վարչարարություն մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Անժելա Հարությունյանը: Մասնակիցների թվում են եղել եվրոպական մի շարք երկրներից ժամանած ուսանողներ, և ինչպես Ինեսա Մարդոյանն է նշում, մեկշաբաթյա այցի ընթացքում հնարավորություն է ընձեռվել սերտ շփումներ ունենալու հասակակից երիտասարդների հետ, փոխանակելու գաղափարներ ու փորձ, զրուցելու ամենատարբեր թեմաների, այդ թվում՝ կամավորության մասին: Մեր ուսանողները ներկայացրել են ՀՊՏՀ բուհական գործունեության բոլոր առանցքային ուղղությունները, Հայաստանը՝ իր ամբողջ գրավչությամբ:

ՀՊՏՀ ուսանողների այցը կազմակերպել և համակարգել է «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՊՏՀ ուսանողները գերազանց են դրսևորել իրենց՝ սեմինարների ընթացքում ի ցույց դնելով գիտելիքների մեծ պաշար, ակտիվություն և համագործակցության բարձր ոգի։

Ի դեպ՝ Ինեսան և Անժելան այս ուղևորությանը և սեմինարների շարքին մասնակցելու համար ընտրվել են մոտիվացիոն նամակների հիման վրա։